Մեկ ժամ պակաս՝ մոնիտորի առջև. Հոգեբանների խորհուրդը դեռահասներին
Սան Դիեգոյի (Կալիֆորնիա) համալսարանի գիտնականները պարզել են, որ մոնիտորների առջեւ մեկ ժամ պակաս անցկացրած դեռահասները կյանքից ավելի մեծ գոհունակություն են զգում, քան համակարգչից կախվածություն ունեցող իրենց հասակակիցները:
Ուսումնասիրությունը հրապարակվել է ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի Emotion ամսագրում, հաղորդում է The Independent-ը:
Մասնագետները ուսումնասիրել են մինչեւ 18 տարեկան ամերիկացիների հոգեբանական առողջության մասին տեղեկությունները: Պարզվել է, որ համակարգչային խաղամոլները, հեռուստատեսային հաղորդումների եւ սոցցանցերի սիրահարները ավելի հաճախ են իրենց դժբախտ անվանում:
Նշվում է, որ այս գործոնը նվազեցնում է կյանքի բավարարվածության աստիճանը:
«Թեեւ հետազոտությունը չի արտացոլում պատճառահետևանքային կապը, մի քանի այլ գործերում էլ ցույց է տրվել, որ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերը դառնում է պակաս երջանիկ, իսկ դժբախտ մարդը չի սկսում ավելի ակտիվորեն օգտագործել սոցիալական ցանցերը», – ասել է հետազոտական խմբի ղեկավար Ջին Թվինժը: