Մեկ Եսթեր փրկեց իր ողջ ազգը...
Եսթերի գիրք, 1-10 գլուխներ
Հայոց աշխարհի դուստրե'ր` «Եսթերնե'ր», գնա՛նք խորանը աղոթքի խոնարհությամբ։
Եսթերը, լինելով թագուհի, իմանալով վերահաս չարիքի մասին, որ կախվել էր իր ազգի գլխին, տրտմեց, բայց և որոշում կայացրեց։ Այդ որոշումն էլ փոխեց իր ազգի ընթացքը։ Նա չվազեց իր ամուսնու՝ թագավորի մոտ՝ մեղադրելով նրան հրովարտակը ստորագրելու մեջ։ Նա մերժեց չարախոսությունն ու վեճերը, իր անմեղությունն ապացուցելը, մեղադրանքներն ու զրպարտությունները։
Նա գիտեր, որ այդ բոլորը սկիզբ են առնում դժոխքից ու պարտության են դատապարտված։ Նա, մերժելով դժոխքի ճանապարհները, նախընտրեց վազել Ամենակարող Աստծո մոտ և խոնահվեց Ամենակարողի կամքի առջև (Եսթեր 4.16)։ Նա վազեց աղոթքի խորանը, եռօրյա ծոմապահությամբ խոնարհեցրեց իրեն Աստծո Կամքի առջև։
Հայոց աշխարհի դուստրե'ր` հայուհի «Եսթերնե՛ր», եկե'ք գնանք խորանը աղոթքի, մեր վրա առնենք խոնարհության պատմուճանը Եսթերի և խոնարհվելով կանգնենք մեր ազգի փրկության համար։ Այն չարիքը, որ խորհել է «Համանը» մեր ազգի համար, Աստված ի զորու է փոխել բարիքի։
Մեր խոնարհությունն ու աղոթքը թո'ղ անուշահոտ խունկի նման բարձրանան երկինք ու բերեն Աստծո հաճությունը մեր ազգի համար, մեր և մեր որդիների, մեր որդկանց որդիների համար։
Եսթերնե'ր, խոսե'նք փրկություն մեր հայ ազգի համար և կլինենք, ինչպես փրկության, այնպես էլ օրհնության պատճառ (Եսթեր 9.25-32)։
Վեր ելե'ք հայոց աշխարհի «Եսթերներ», գնա'նք խորանը աղոթքի՝ վառելով ճրագը հույսի, հավատի մեր ազգի համար։
Տաթև Գևորգյան