Չկա ավելի գեղեցիկ, ավելի ջինջ ու մաքուր տարիք, քան մանկական տարիքն է:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր մեծահասակ կարոտով է հիշում իր մանկության տարիները և դեմ չէր լինի գեթ մի ակնթարթ նորից մանկանար…

Հիսուսն էլ խոսում է մանուկների մասին, նրանց որպես օրինակ բերում, քաջալերում, որ նմանվենք նրանց, սակայն կա մի իրավիճակ, երբ մանուկ լինելը դառնում է վտանգավոր…

Պողոս առաքյալը գրում է Կորնթացիներին. «Եվ  ես, եղբարք, չկարողացա ձեզ հետ խոսել ինչպես հոգևորների հետ,  այլ ինչպես մարմնավորների հետ, ինչպես  մանուկների հետ Քրիստոսում: Կաթ խմեցրի ձեզ, և ոչ թե կերակուր.  Որովհետև տակավին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չէք կարող» (Ա Կորնթ. 3.1-2)։

Հրաշալի է մանուկ լինելը, սակայն ցավալի է, երբ մարդը մանուկ մնում է հավատքի կյանքում: Պողոս առաքյալը դա նույնացնում է մարմնավոր վիճակի հետ, այնուհետև ցույց տալիս դրա հետևանքը՝ «… Տակավին կռիվ, նախանձ և բաժանումներ կան ձեզանում…»:

Մանկությունը լավ է, սակայն վտանգավոր է, երբ դրան չի հաջորդում հասունացումը…

Այսօրվա քրիստոնյայի մարտահրավերներից մեկը, կարծում եմ, մակերեսային պաշտամունքն է, մակերեսային նվիրումը, մակերեսային կյանքը: Երբ մարդը լսում է Ավետարանի Բարի լուրը, որոշում կայացնում, գուցե գալիս եկեղեցի, սակայն վերջնական զոհաբերման, վերջնական ընծայման այդպես էլ չի գնում, գալիս է եկեղեցի, սակայն մինչև վերջ չի ուզում մեռնել աշխարհի համար… Եվ, ավա՜ղ, մնում է հոգևորապես մանուկ…

Սիրելի՛ քրիստոնյա, Աստծո կամքն է յուրաքանչյուրիս համար, որ մենք օր օրի աճենք, այնպես որ, մի՛ բավարարվիր այսօրվա ունեցածով, մի՛ բավարարվիր հոգևորապես մանուկ լինելով, այլ ձգտիր աճել Քրիստոսի մեջ, աճել սրբության և հավատքի կյանքում:

Որովհետև միայն հոգևոր հասուն քրիստոնյաները կարող են դեմ կանգնել աշխարհին ու նրա առաջարկած գայթակղություններին, միայն հոգևորապես հասուն քրիստոնյաները կարող են սկզբունքային լինել և ո՛չ ասել մեղքին, միայն հոգևորապես հասուն քրիստոնյաներն են, որ կարող են փոփոխություն բերել իրենց միջավայրում…

Հոգևոր պատերազմում մանուկները չեն կարող հաղթել: Աստված ուզում է տեսնել հոգևորապես հասուն քրիստոնյաների, ովքեր մանկական պարզ ու անկեղծ հավատքով ձգտում են օր օրի ավելի մոտենալ, ավելի ճանաչել իրենց Ստեղծիչին ու իմանալ Նրա կամքը:

Արմեն Նիազյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.