Մահվան շուքի ձորը. Հույսի և հավատքի խոսուն վկան
Սա այն հանրահայտ Մահվան շուքի ձորն է, որի մասին խոսում է Դավիթն իր հայտնի 23 Սաղմոսում։
Այս ձորը նշանավոր է այն առումով, որ այստեղ 3.5 տարի Եղիա մարգարեն թաքնվեց իրեն հետապնդող թագավորից։ Այս ձորում կամ անապատում նաև փորձվեց Տեր Հիսուսը 40 օր շարունակ։ Հենց այս տարածքի մասին էր խոսում նա, երբ պատմեց Բարի սամարացու առակը. «Մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով...»։
Իրականում Երուսաղեմից Երիքով տանող ճանապարհը հենց այստեղով էր անցնում։ Ծերպերում թաքնվում էին ավազակներ, որոնք սովորաբար հարձակվում և թալանում էին Երուսաղեմ գնացող ուխտավորներին։
Սակայն Մահվան շուքի ձորը նաև հոգևոր մեծ պատգամ ունի մեզ համար։ Դավիթն ասում է. «Թեպետ անցնեմ մահվան շուքի ձորով, չար բանից չեմ վախենա»։ Այս խոսքի բանալի բառը ԱՆՑՆԵԼՆ է։ Մեր կյանքում էլ հնարավոր են նման անցումներ, Դավիթն անցավ, Հիսուսն անցավ, մենք էլ կանցնենք։
Հիշենք, որ այդ ձորի վերջում վեր է խոյանում Երուսաղեմ հրաշափառ քաղաքը։ Այդ ձորով քայլող ուտավորներին մի բան էր քաջալերում և առաջ մղում. նրանք իրենց առջև՝ Սիոն սարի վրա, տեսնում էին Երուսաղեմի տաճարի ոսկե սյուներն ու վեհաշուք տեսքը։ Եվ նրանք հասկանում էին, որ անգամ Մահվան շուքի ձորի մեջ Աստված իրենց համար ելք է պատրաստել դեպի կյանք, դեպի փառք, դեպի Աստծու ներկայություն։
Վազգեն Զոհրաբյան