Համաճարակ, քաղաքական լարվածություն, ֆինանսական ճգնաժամ, վատ լուրեր, ցավալի կորուստներ, խնդիրներ, անկայունություն...

Ամեն բան խառնվել է, ասես շուրջն ամեն բան խավարի մեջ լինի, և այդ փորձությունները մեզ` Աստծո զավակներիս էլ են երբեմն այցելում...

Վերջերս ավելի հաճախ եմ մտածում, որ աշխարհը գնալով ապրելու համար ավելի անտանելի է դառնում, և էլ ավելի եմ արժևորում այն նոր երկինքն ու երկիրը, որտեղ հավիտյան վայելելու ենք Տիրոջ քաղցր ներկայությունն ու հավիտենական կյանքը։

Սուրբ Հոգին մխիթարում է, զորացնում ու հիշեցնում, որ Տերն ինձ հետ է ամեն օր, որ պետք է համբերել, որ այս ամենի մեջ դեռ շատ հաղթանակներ են սպասվում եկեղեցուն, և եկեղեցին պաշտպանված է Ամենակարողի ծածկոցի տակ։ Եթե Քրիստոսինն ես, ապա վստահ ասա՝ ես պաշտպանված եմ, այո՛ և ամե՛ն, ես պաշտպանված եմ, բայց Տերը խոստացել է պահել ոչ թե նեղություններից, այլ նեղությունների մեջ։

Կարծում եմ՝ առաջին և ամենակարևոր բանը, որ Նա պահում է մեր մեջ այդ իրավիճակներում, Քրիստոսի նմանությունն է, եթե իհարկե մենք ինքներս չենք հրաժարվում այդ նմանությունից։ Եթե չանցնենք խավարի միջով, ապա ինչպե՞ս կերևա մեր միջի լույսը։ Լույսը պիտանի է միայն խավարի մեջ լուսավորելու և խավարը ցրելու համար, խավարի մեջ ճանապարհ ցույց տալու առաքելությունը մերն է։ Ցերեկվա արևոտ օրվա մեջ ճրագը օգուտ չունի։

Երբեմն Աստված թույլ է տալիս, որ անցնենք հիվանդության, դժվարության, խնդիրների, ցավերի միջով,  որպեսզի աշխարհը տեսնի այդ բարդ իրավիճակների մեջ մեր խաղաղությունը, հույսը, հավատքն ու գերբնական վստահությունը Աստծո հանդեպ։

Ժամանակն է Աստծուն տագնապալից հարցեր ուղղելու փոխարեն ուղղակի վստահել Նրան, գոհությամբ ու խաղաղ, հաստատուն մտքով կանգնել դժվարության մեջ և փայլել խավարում, ցրել խավարը՝ Քրիստոսի նմանությունը ճառագելով, և այն ժամանակ մարդիկ մեր միջոցով կտեսնեն հույսի ճանապարհը խավարի մեջ, և ինչպես մարգարեն է Հոգով ազդարարում, «Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. Բայց քեզ վրա ծագում է Տէրը, եւ նրա փառքը երեւում է քեզ վրա։ Եւ ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը» (Ես. 60:1-3):

Լևոն Մարգարյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.