Լինել լույս այս խավար աշխարհում
Տիտոսին ուղղված իր նամակում Պողոսը թողեց մեզ համար կարևոր հրահանգներ Քրիստոսի Ավետարանը քարոզելու Մեծ հանձնարարականի վերաբերյալ: Նա նոր էր հեռացել Կրետե կղզուց, երբ բախվեց հետապնդումների, և երբ նա մեկնեց այլ քաղաքներ ավետարանելու, թողեց Կրետեում Տիտոսին և այլ առաջնորդներին:
Կրետեն բարոյազուրկ քաղաք էր, որտեղ գերակշռում էր ցանկասիրությունը, ինչն էլ երիտասարդ առաջնորդներին ստիպում էր հեռանալ այնտեղից: Բայց Պողոսը պատվիրեց նրանց մնալ՝ բացատրելով, որ դա լավ բանի համար է. «Նորա համար թողի քեզ Կրետէի մէջ...» (Տիտոս 1.5): Այնուհետև մատնանշեց դրա անհրաժեշտությունը. փրկության աշխատանքը ինչպես մեծերի, այնպես էլ հավաքույթների՝ առօրյա կյանքում շարունակելը:
Կրետեի երկընտրանքը կարելի է հանդիպել նաև մեր օրերում: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Ամերիկան կրոնական հավատքի հսկայական անկում է ապրել. արդյունքում, մեր ազգը ենթարկվել է զգալի փոփոխությունների: Մենք այլևս քրիստոնյա հասարակություն չենք, որը գնում է դեպի աշխարհիկություն, այլ՝ աշխարհիկ հասարակություն, որը մեծ քայլերով շարժվում է դեպի հեթանոսություն:
Երիտասարդ առաջնորդները գնացել էին Կրետե եկեղեցի հիմնելու, երեցներ ձեռնադրելու և քրիստոնեական արժեքներ հաստատելու համար, ինչը նրանք իրականացնում էին մեծ դժվարությամբ: Պողոսը պատրաստեց և ճանաչել տվեց նրանց՝ իրենց սպասվելիք դժվարությունները. «Նորանցից մէկը՝ հէնց իրանց յատուկ մարգարէ՝ ասեց. Կրետացիք միշտ ստախօս են, չար գազաններ, դատարկափոր» (Տիտոս 1.12): Ինչո՞ւ Պողոսը նրանց թողեց այսքան խավար ու չար մշակույթում՝ արտացոլելու Հիսուս Քրիստոսի կյանքը և լույսը:
Աստված միշտ մնացորդ ժողովուրդ ունի խավար մշակույթում: Նույնիսկ ամենավատ ժամանակներում Նա մշտապես լուսավոր վկայություն է բարձրացնում մթության միջից: Ինչպես ասում է Հիսուսը, մենք պետք է աղ լինենք՝ ներկայացուցիչ, ով կյանք է տալիս քայքայված միջավայրում: «Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանայ, ի՞նչով կ’աղանուի. Այլ եւս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի» (Մատթեոս 5.13):
Մենք այն մարդիկ ենք, որոնց Աստված նշանակել է՝ որպես լուսատուներ խավար աշխարհում և ժամանակներում: Միգուցե դուք չեք ցանկանա ապրել մեղքի մշակույթով բեռնավորված Ամերիկայում կամ ձեր երեխաներին դաստիարակել այնպիսի հասարակության մեջ, որտեղ հանրությունն ավելի ու ավելի է ըմբոստանում Աստծո դեմ, բայց Հիսուսն այս ժամանակի և վայրի մեջ ծրագիր ունի ձեր կյանքի համար: Դուք հիմա այստեղ եք աստվածային նպատակի համար՝ Աստծո փառքը ցույց տալու այս սերունդին:
Հեղինակ՝ Գարի Ուիլքերսոն
Աղբյուրը՝ worldchallenge.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը