Մի մարդ, ով նավաբեկությունից միակ փրկվածն էր, բոլորովին միայնակ հայտնվել էր անմարդաբնակ կղզում, ուր նրան հասցրել էին ծովի մեծ ալիքները։ Տեսնելով իր շուրջի ամայությունն ու իր միայնակ լինելը՝ նա սկսեց անդադար աղոթք անել Աստծուն, խնդրել, որ Նա իրեն փրկի։ Նա ամեն օր աղոթում և հույսով սպասում էր, որ ահա շուտով հեռու հորիզոնում կնկատի իրեն փրկության շտապող մի նավ՝ ի պատասխան իր բարձրացրած աղոթքների։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ սպասված փրկությունն ուշանում էր…։

Բոլորովին չսպառվելու և անձրևից ու կենդանիներից պաշտպանվելու համար նա որոշեց հավաքված գերաններից ոչ մեծ խրճիթ պատրաստել։ Սակայն մի օր, ուտելիք հայթաթելու իր հերթական որոնումից վերադառնալով՝ նա տեսավ իր խրճիթն ամբողջությամբ այրվելիս։ Կրակից բարձրացող ծուխը բարձրանում էր մինչև երկինք։ Ամենասարսափելին այն էր, որ նա այսպիսով կորցրեց իր հավաքած բոլոր խնայողությունները՝ զրկվելով ամեն ինչից։

Այժմ նա ոչ մի կերպ չէր կարող զսպել իր հիասթափությունն ու բարկությունը։ «Տե՜ր Աստվա՛ծ, ինչպե՞ս կարողացար ինձ հետ այսպես վարվել»,- բղավելով ողջ գիշեր նա լացում ու չէր կարողանում հանդարտվել։ Վաղ առավոտյան նրա ականջին հասավ նավի սուլոց. այն գալիս էր փրկելու իրեն։

«Բայց ինչպե՞ս դուք գտաք ինձ»,- չհավատալով աչքերին՝ հարցրեց նա նավավարին։ «Մենք տեսանք ձեր վառած կրակի ծխե նշանը»,- պատասխանեց նավավարը։

Հիշի՜ր, ո՛վ մարդ, եթե հաջորդ անգամ քո փոքրիկ խրճիթը մոխրանալու աստիճան այրվի, դա կարող է լինել ծխե մի նշան, որն Աստված թույլ կտա քո կյանքում հենց քեզ փրկելու համար։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.