COVID-ը, արտակարգ դրությունն ու Քրիստոսի մեջ նոր կյանքի հույսը
Մի երիտասարդ կին պատմում է այն խաղաղության ուղու մասին, որն Աստված ցույց է տվել նրան դժվարությունների և տառապանքների միջով անցնելիս:
Էսվատինիի կորոնավիրուսի դեպքերի քանակը քիչ է՝ համեմատած ԱՄՆ-ի, Չինաստանի կամ Բրազիլիայի նման երկրների հետ, բայց մեկ միլիոն բնակիչ ունեցող այս երկրի համար, որի 70 տոկոսն ապրում է գյուղերում, ավելի քան 15,000 մարդ է վարակվել COVID-ով։ Դա մտահոգիչ քանակ է նմանատիպ փոքրիկ երկրի համար, որտեղ վիրուսի տարածման նմանատիպ ուժգնությունը կարող է կործանարար լինել երկրի առողջապահական համակարգի համար:
Նրանց համար, ովքեր ապրում են քաղաքային շրջաններից դուրս, հիվանդանոց կամ բուժման կենտրոն գտնելը կարող է զգալի ժամանակ ու ջանք պահանջել:
«Երկարատև բուժում պահանջող առողջապահական համակարգերի բացակայությունն ու սոցիալական անհավասարությունների առկայությունը գյուղերի որոշ բնակիչների համար մեծացնում են COVID-19 հիվանդությամբ վարակվելու կամ ծանր հիվանդություն ունենալու վտանգը»։ Գյուղական բնակավայրերը կարող են տարբեր առողջական խնդիրների բախվել՝ կախված դրանց գտնվելու վայրից:
Էսվատինիում գտնվողներից շատերն են իրենց կյանքը խոնարհեցրել Քրիստոսի ոտքերի առջև: Էսվատինիի կանանց կենտրոնի մեր գործընկերների հետ բնակվող մի երիտասարդ կին գրել է. «Ես շատ բարկացկոտ երեխա եմ եղել ու ծնողներիս անհամար անգամներ մեղադրել եմ իմ կյանքում տեղի ունեցած շատ բաների մեջ: Ես նաև բարկացած եմ եղել Աստծո վրա այն բանի համար, որ իմ կյանքը չի կարգավորել այնպես, ինչպես ինքս էի կարծում, որ Նա պետք է աներ»:
Իր կյանքի դժվարությունները և Քրիստոսի մեջ նոր կյանքի հույսը թույլ են տվել նրան հայացք նետել դեպի երջանիկ ապագա:
«Արտակարգ դրության ժամանակ ես բեկման կետի էի հասել, - ասում է Դորան, - դա ինձ ստիպեց հասկանալ, թե որքան է Աստված սիրում ինձ և որքան օրհնված եմ ես: Ես հասկացա, թե ինչպես է Հայր Աստված օգնում և պահպանում: Նա շատ մարդկանց է օգտագործել՝ Էսվատինիի կանանց կենտրոնը համեղ և առողջ ուտեստներով օրհնելու համար: Ոմանք նվիրաբերել են լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր, իսկ մյուսները քրտնաջան աշխատել են՝ մեզ համար դիմակներ կարելու համար: Ես նաև զգացի, որ այս համաճարակի ընթացքում Աստված պահապան վահան է մեզ համար: Նա ինձ զերծ է պահել COVID-ից և ոչ միայն ինձ, այլ նաև ինձ շրջապատող շատ մարդկանց: Դա վկայում է մեր կյանքի վրա Աստծո շնորհի ներգործության մասին»:
Անդրադառնալով անցած մեկ տարվան՝ Դորան ներկայացրեց ամենակարևոր բաներից մեկը, որը նա սովորել է Քրիստոսին հետևելու իր ուղին անցնելիս.
«Հավատում եմ, որ այս անորոշության և վախի ընթացքում Աստված ինձ ասում է, որ ես չպետք է անհանգստանամ կամ վախենամ իմ ապագայի համար, քանի որ Նա միշտ եղել է իմ ապավենը, պահապանը և օգնականը: Նա հավիտյան նույնն է: Սուրբգրային մի համար է ինձ շարունակ օգնում այս ընթացքում՝ Փիլիպպեցիս 4.6-ը, որում ասվում է. «Ոչինչ հոգս մի անէք. Այլ ամեն բանում աղօթքով եւ աղաչանքով եւ գոհութիւնով՝ ձեր խնդրուածքները թող յայտնի լինեն Աստուծուն»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ worldchallenge.org