Խոնարհության մասին. Հովհան Ոսկեբերան
Թեկուզ և առաքինության գագաթին հասնենք, մեզ բոլորից վերջինը պետք է համարենք՝ սովորելով, որ ամբարտավանությունը նույնիսկ երկնքից կարող է գցել անզգույշներին, իսկ խոնարհությունը՝ մեղքերի խորքից դեպի բարձունքները հանել սեփական անձը նվաստացնել իմացողին: Սա մաքսավորին կարգեց փարիսեցուց առաջ, իսկ մյուսը՝ գոռոզություն կամ ամբարտավանություն ասվածը, տապալեց բանսարկուի անմարմին զորքերին:
Խոնարհությունը և սեփական մեղքերը ճանաչելը ավազակին դրախտ մտցրեց առաքյալներից առաջ: Եվ ովքեր խոստովանում են իրենց մեղքերը, իրենց մեջ այնքան համարձակություն են ամբարում, որ գիտենալով հանդերձ իրենց բոլոր բարի գործերը՝ նվաստացնում են իրենց, որպես թե չեն արժանանալու [արքայության] պսակին:
Քանզի երբ մեղքերը խոնարհություն են հագած լինում, [հոգին] այնպես դյուրին է ընթանում, որ առաջ անցնելով՝ գերազանցում է ամբարտավանությամբ բռնված արդարությանը: Իսկ եթե այն միավորես արդարության հետ, ո՞ւր չի հասնի, ո՞ր երկնքից չի անցնի՝ իր հետ մեծ համարձակությամբ կանգնեցնելով ամենքի Աստծո աթոռի մոտ՝ հրեշտակների մեջ:
Մինչդեռ, եթե արդարության հետ ամբարտավանություն է խառնվում, իր սաստիկ ծանրությամբ կարողանում է ցած գցել նրա համարձակությունը, իսկ եթե շաղախվում է նաև մեղքերով, առավել ևս կարող է որքան հնարավոր է ցած գցել՝ գեհենի մեջ: Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ անտեսենք արդարությունը, այլ որպեսզի փախչենք ամբարտավանությունից. ոչ թե՝ նրա համար, որ մեղանչենք, այլ որպեսզի չափավորենք մեր եսը:
Քանզի մեր իմաստասիրության հիմքը խոնարհությունն է. թեկուզ և իրար վրա դնենք բյուրավոր առաքինություններ՝ ողորմություն, աղոթք կամ պահք, բայց [խոնարհությունը] նրանց հիմքում չլինի, սին և ունայն կլինի այդ ամենը և հեշտությամբ կկործանվի՝ ավազի վրա հիմնված շինության նման: Քանզի մեր բարեպաշտության մեջ չկա մի բան, որ [խոնարհության] կարիքը չունենա կամ առանց նրա կարողանա կայանալ:
Եվ պարկեշտություն լինի, թե կուսություն, ունեցվածքի հանդեպ արհամարհանք, թե որևէ այլ [առաքինություն], բոլորն անմաքուր են ու գարշելի, եթե առանց խոնարհության են: Արդ, ամենուր նրա՛ն մերձեցեք խոսքով, գործով թե խորհուրդներով և նրանո՛վ ամեն ինչ կառուցեք:
Աղբյուր՝ «Ս. Յովհաննու Ոսկեբերանի Կոստանդնուպօլսի եպիսկոպոսապետի Ճառք». Վենետիկ, 1861, էջ 324-325, (փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի, sacredtradition.am).