Կարևոր հարցը. Ջոն Ուեսլի
«Քանի որ ի՞նչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի» (Մատթեոս 16.26):
Ինչ հզոր ակնարկ է այս հատվածում մեր առաջ դրված: Աստծո Որդին՝ երկնքի ու երկրի Մեծ Թագավորը, այստեղ օգտագործում է ամենապարզ ու ամենադյուրին բառերը, բայց այդ մտքերն ինչպիսի բարձր ու խորը իմաստ են արտահայտում: Ոչ մի մարդ արարած չի կարող լիովին հասկանալ դրանք, մինչ դուրս չգա ներկա աշխարհի խավարից և դառնա հավիտենականության բնակիչ: Բայց մենք կարող ենք հասկանալ այս խորը բաների մի փոքր մասը, եթե խորհրդածենք:
Նախ և առաջ, ի՞նչ է իրենից ենթադրում «երբ մարդը աշխարհն է շահում», երկրորդ՝ «սեփական անձը կորցնելը» և երրորդ՝ ի՞նչ օգուտ է ստանում նա, ով շահում է ողջ աշխարհը, բայց կորցնում՝ իր անձը:
Իհարկե, ամբողջ մարդկության պատմության մեջ չի եղել գոնե մեկը, ով իր կյանքի ընթացքում հասցրած լինի գրավել ողջ աշխարհը կամ դրա կեսը կամ գոնե մեկ տասներորդ մասը: Այստեղ խոսքն այլ բանի մասին է: Աշխարհը շահելը, հավանաբար, ենթադրում է շահել աշխարհի հաճույքները: Այսպիսի մարդը ձեռք է բերում այն ամենն, ինչ գոհացնում է նրա զգայարաններին՝ այն ամենը, ինչ նա կարող է ընդհանուր առմամբ վայելել իր հասակակից ընկերների հետ: Նա իրեն թույլ է տալիս ունենալ այդ օբյեկտների ամբողջ առատությունն ու բազմազանությունը, որն աշխարհը կարող է առաջարկել: Դա կարող է լինել նաև «աչքի ցանկությունը», որը ցանկացած հաճույք փոխանցում է երևակայությանը: Դա սկիզբ է առնում երեք աղբյուրներից, որոնք են՝ շքեղությունը, գեղեցկությունը և նորությունը: Բայց կան նաև այլ բաներ, որ մարդիկ ավելի են գերադասում՝ պատիվը, փառքը և հռչակը:
Հաջորդ կետը, որ պետք է քննարկենք՝ «սեփական անձը կորցնելն է»: Այս մասը պետք է ավելի խորը նայենք և ավելի ուշադիր ուսումնասիրենք:
Առաջին բանը, որն անհերքելիորեն ենթադրվում է, դա հոգևոր արժեքները կորցնելն է: Եթե կա սիրո մխիթարություն՝ դա Աստծո սիրո մեջ է, եթե ուրախություն կամ բարի խղճմտանքի վկայություն, ապա՝ Աստծո խաղաղության մեջ: Եվ այս ամենը մարդը կորցնում է, երբ կորցնում է սեփական անձը:
Վաղ թե ուշ ներկա աշխարհը կվերջանա, մենք գիտենք՝ այն ստվերի պես է անցնում: Այնժամ հստակ կերևա իր անձը կորցրած մարդու տարբերությունը: Այն պահին, երբ նա կմտնի հավիտենություն, կհանդիպի սատանային և դևերին: Եվ այնտեղ, ուր նա կտարվի. «ոչ ցերեկ, ոչ գիշեր հանգիստ չի լինի, և նրանց տանջանքի ծուխը վեր կելնի հավիտյանս հավիտենից…» (Հայտն. 14.11):
Մարդիկ, որոնք ընտրում են աշխարհը շահելը՝ իրենց անձը կորցնելով, ենթադրում են, թե «չարությամբ լցված կյանքը երջանիկ կյանքն է», որ չարությունը երջանկություն է: Անգամ հանրաճանաչ հռոմեացի գրող Յուվենալն է գրել. «Ոչ մի չար մարդ երջանիկ չէ»: Եվ Աստված Ինքն էլ վկայում է. «Չարության մեջ խաղաղություն չկա»: Եթե մարդու միտքը խաղաղ չէ, ուրեմն երջանկություն գոյություն ունենալ չի կարող:
Մեկը կմտածեր, որ այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ չէ խոհեմություն: Եվ սա հենց այն հարցն է, որ ես ուզում եմ ուղղել քեզ Աստծո անունով: Կլինես երջանի՞կ այստեղ և այսուհետ այս աշխարհում և այնտեղ, որ մահից հետո կգա, թե՞ կլինես թշվառ, այստեղ և այսուհետ՝ մինչև հավիտյան: Ո՞րն է քո որոշումը: Մի՛ ուշացրու: Հիմա ընտրի՛ր մեկը կամ մյուսը: Աստված ասում է. «...կյանքը և մահը, օրհնությունն ու անեծքը քո առաջ դրեցի, ուրեմն կյանքը ընտրի՛ր...» (2 Օրինաց 30.19): Աստծո շնորհքով ընտրի՛ր ավելի լավ ճանապարհը: Եվ հաստատ պահի՛ր քո որոշումն ու ետ մի՛ դարձիր երբեք: Առա՛ջ գնա, Տիրոջ անունով և Նրա զորությամբ: Չնայելով բոլոր հակառակություններին բնությունից, այս աշխարհից, խավարի բոլոր իշխանություններից՝ պատերազմելով հավատքի բարի պատերազմը և բռնելով հավիտենական կյանքը: Իսկ քեզ համար այնտեղ մի պսակ կա, որ Տերը՝ Արդար Դատավորը, կտա քեզ այդ օրը:
Աղբյուրը՝ wesley.nnu.edu
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը