Կարճացե՞լ է Աստծո ձեռքը…
«Ահա Տիրոջ ձեռքը չէ կարճացել փրկելուց…» (Ես. 59.1)
Կարճացե՞լ է Աստծո ձեռքը, որ այս ամենը տեղի է ունենում: Միանշանակ՝ ո՛չ: Աստծո ձեռքը միշտ լայնատարած է, այն ուղղված է մարդուն՝ փրկելու, բարձրացնելու, օրհնելու…
Իսկ ի՞նչ է անում «Ադամը»: Ո՜վ Ադամ, ո՞ւր է քո ձեռքը, դո՞ւ էլ ես պարզել ձեռքդ լայնարձակ ու պատրաստ վերցնելու քո բաժին օրհնությունը: Օ՜, հանկարծ չսխալվես, չմեղադրես Աստծուն, թե Նա չի գործում, չի օգնում, չէ՜, Նա քո կողքին է, պատրաստ ու կազմ՝ քեզ հետ պատերազմելու ու հաղթելու… Պարզի՛ր ձեռքդ:
Միքելանջելոյի «Ադամի արարումը» կտավը հանդիսանում է, թերևս, լավագույն օրինակներից մեկը, որ Աստծո ձեռքը չի կարճացել մարդուն փրկելու համար, ո՛չ, այն մարդուն է պարզված առավելագույն ձևով, սպասումով, որ «Ադամի» ձեռքն էլ լիակատար կբացվի ու կհպվի իր Տիրոջ մատին: Աստված միշտ Ադամի կողքին է, բայց վերջնական որոշումը Ադամինն է… Նկարում Ադամի մատը լիովին բացված չէ, այն ծալված է վերջնամասում, ինչը նշանակում է, որ նա ունի ազատ կամք, որ ինքն է ընտրելու հետևել Աստծուն, հուսալ Նրա փրկությանը, թե…
Երանի՜ «Ադամն» ընտրի Աստծուն, միաձուլվի Իր Արարչի հետ… Այդ ժամանակ անպարտելի կլինի նա, կդառնա հաղթական ու անսասան: Եվ այն ուժը, որ ունի Աստված, կլինի նաև «Ադամինը»՝ պաշտպանվելու, գործելու, հաղթելու և արարելու համար…
Աննա Հովհաննիսյան