Կանչի՜ր Ինձ, և Ես կպատասխանեմ քեզ
«Կանչի՜ր Ինձ, և Ես կպատասխանեմ քեզ» (Երեմիա 33.3):
Երեմիա 33.3 խոսքը մեզ հորդորում է աղոթել: Շատ հաճախ մենք հորդորում ենք մեր ընտանիքի անդամներին, ընկերներին ու եկեղեցիներին ջերմեռանդորեն աղոթել, բայց այստեղ հենց Ինքն Աստված է մեզ ասում, որ աղոթենք: Աղոթի՜ր. սա Տիրոջ քաջալերական խոսքն է մեզ:
Մենք գիտենք, որ մեր Աստված ինքնիշխան է, զորեղ, Նա է սկիզբն ու վերջը, Նա է կարգադրում ամեն բանի վերջը, բայց նաև Նա տալիս է դեպի վերջը տանող բանալիներ, և այդ բանալիներից մեկն աղոթքն է՝ Իր ժողովրդի շարունակական, ջերմեռանդ, ազդեցություն ունեցող աղոթքը: Երբ Աստված ցանկանում է ինչ-որ բան անել, ապա Նա Իր ժողովրդին հորդորում է կանգնել աղոթքի, նախքան կանի դա:
Երեմիա 32-րդ գլխում Աստված որոշ բաներ է խոստանում Երեմիային: Նա փակված էր բանտում, և Աստված խոստանում է Իսրայելի ժողովրդին գերության մեջ դնել: Բայց, Տե՛ր, ինչպե՞ս ես դա անելու, և ահա Նրան գալիս է այս խոսքերը 33-րդ գլխում. «Կանչի՜ր ինձ, և Ես պիտի պատասխանեմ քեզ, և քեզ մեծ ու հզոր բաներ պիտի ցույց տամ, որ դու չգիտես»: Կանչի՜ր Ինձ, և Ես քեզ ցույց կտամ հզոր բաներ, կանչի՜ր Ինձ, և Ես քեզ ցույց կտամ թաքնված բաներ, որոնց մասին դու դեռ չգիտես: Այո՜, Ես պատրաստվում եմ անել այդ ամենը քեզ համար, այդպես եմ պատրաստվում ցույց տալ Իմ խոստումը քեզ:
Այսպիսով՝ Աստված մեզ պատվիրում է աղոթել՝ «Կանչի՜ր Ինձ»: Այս խոսքը մեզ քաջալերում է աղոթել: Պատկերացնո՞ւմ ես՝ երկինք ու երկիր Արարողը, Ամենակարողը, Զորավորը, Գերիշխանը, Եհովան խոսում է քեզ հետ և ասում. «Կանչի՜ր Ինձ»:
Մեր լեզվով ասած՝ զանգիր ինձ: Մեզ դուր է գալիս, երբ մեր երեխան ասում է՝ զանգիր ինձ, հայրիկ. ես կարիք ունեմ քեզ հետ խոսելու: Ահա այս կերպ մեր Աստված ասում է՝ կանչիր Ինձ, և Ես կպատասխանեմ քեզ, և ոչ միայն կպատասխանեմ, այլ նաև ցույց կտամ զորավոր և թաքնված բաներ, որոնց մասին դու դեռ չգիտես:
Ահա հենց այս հույսով ու սպասումով պիտի դիմենք Աստծուն, մենք խոստում ունենք: Եթե ցանկանում ենք տեսնել, որ Աստված գործում է մեր կյանքում, մենք արդեն գիտենք, թե ինչպես՝ աղոթքով:
Պողոսը Նոր Կտակարանում ասում է. «Ո՜չ աչքն է տեսել, ո՜չ ականջը լսել, ո՜չ էլ մարդու սիրտն են մտել այն բաները, որ Աստված պատրաստեց նրանց համար, ովքեր սիրում են Իրեն»: Ո՞վ գիտի, թե ինչ կարող է անել Աստված, թե ինչ մեծ բաներ է Նա պատրաստվում անել մեր աղոթքի միջոցով: Մեր աղոթքի միջոցով մեղքի բերդեր են քանդվում, հակառակորդի ծրագրերն են քանդվում, Աստված բացում է մեր աչքերը: Աստված հորդորում է մեզ աղոթել, Նա հզոր զենք է տվել մեզ՝ աղոթքը:
Կանչի՛ր Տիրոջը, և Նա հզոր բաներ է անելու քո աղոթքի միջոցով:
Հեղինակ՝ Ջոն Գրին
Աղբյուրը՝ illbehonest.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը