Կամավորությունը սովորեցնում է անշահախնդրորեն տալ. զրույց երիտասարդ կամավորի հետ Ֆրանսիայից
Անժելա Ջանվելյանին առաջին անգամ հանդիպեցի 3-4 ամիս առաջ` այստեղի հայկական եկեղեցիներից մեկում: Ֆրանսիա էր եկել` կամավոր սկզբունքներով հաշմանդամների հետ աշխատելու, իր հոգու լույսով նրանց հետ կիսվելու: Այսօր, երբ աշխարհը վիրուսից փախչելու հնարավորություններ է որոնում, նա շարունակում է լուռ իր գործն անել, խնամք տանել արդեն իսկ իրեն հարազատ դարձած մարդկանց:
Վիրուսի տարածման առաջին օրերին նրան առաջարկել են վերադառնալ հայրենիք, սակայն նա որոշել է մնալ, քանի որ օգնող ձեռքեր էին պետք: Այսօր մենք չենք խոսի վիրուսից ու կարանտինից. այդ մասին հիմա խոսում են բոլորը: Մեր զրույցը սիրո, նվիրման ու բարության մասին կլինի.
- Անժելա, հակիրճ ներկայացրու` ինչու ես դու հիմա Ֆրանսիայում, ինչով ես զբաղվում այստեղ:
-Ես Անժելա Ջանվելյանն եմ։ 25 տարեկան եմ։ Եկել եմ Հայաստանից։ Ես այստեղ եմ որպես Service Civique International-ի կամավոր l'Arche d'Aigrefoin համայնքում։ Աշխատում եմ մտավոր հաշմանդամների հետ։
- Ինչպես որոշեցիր կամավորությամբ զբաղվել:
- Հայաստանում աշխատելու տարիներին բազմիցս առիթ եմ ունեցել շփվելու օտարերկրացիների հետ, ինչն էլ իմ մեջ ցանկություն առաջացրեց դուրս գալ իմ երկրի սահմաններից ու բացահայտել նոր բազմազան մշակույթներ։ Անընդհատ փորձում էի հետաքրքիր և ուսուցողական ծրագրեր գտնել։ Այդ փնտրտուքի ճանապարհին ծանոթացա Էրասմուս+֊ի Եվրոպական Կամավորական ծրագրին (Erasmus+ Corps Solidarité Européenne) և որոշեցի, այսպես ասած, "ռիսկի" դիմել։
- Ինչ է քեզ տալիս կամավորությունը, մասնավորապես` հաշմանդամների հետ աշխատանքը, լինո՞ւմ է այնպես, որ դու իրենցից ինչ-որ բան սովորես:
- Կամավորությունը սովորեցնում է անշահախնդրորեն տալ։ Իսկ ինչ վերաբերում է, թե արդյոք ինքս ինչ-որ բան սովորում եմ հաշմանդամներից, ապա ասեմ, որ այստեղ մենք հիմնականում ստացողի դերում ենք։ Մենք իրենց միայն մեր ուշադրությունն ու ներկայությունն ենք տալիս, իսկ իրենցից ստանում ենք կատարյալ սեր և իրենց հետ սովորում ենք օգտագործել Սուրբ Հոգու պտուղները մեր կյանքում։
- Անժելա, այն ինչով դու զբաղվում ես Եվրոպայում, գիտեմ` հեշտ չի տրվել քեզ, որոշակի ժամանակ է պահանջվել այս դուռը քո առջև բացվելու համար, մի փոքր պատմիր` ինչպես ստացվեց ի վերջո. սպասման ընթացքն ինչ տվեց, սովորեցրեց քեզ:
- Այո՛, երկու տարի պայքարել եմ թե՛ ընտանիքիս, թե՛ Աստծո հետ։ Ոչ մի կերպ չէր ստացվում գալս: Շատ-շատ կռիվներ եմ ունեցել Աստծո հետ` ասելով՝ Չէ՞ որ բարիին է ծառայելու այս գործը, ինչո՞ւ չես թողնում գնալ։ Նաև Տերն ընտանիքիս սիրտն էր խստացրել, և դա շատ էր ինձ տանջում։ Բայց այնուամենայնիվ, Տիրոջ ձայնը լսելով, նորից հանդարտվում էի, որովհետև գիտեի, որ ամեն բան Նրա վերահսկողության տակ է։ Ուղղակի Նա ինձ ասում էր՝ "Սպասիր, դեռ ժամանակը չէ"։ Եվ ահա, երկու տարի անց էլեկտրոնային նամակ ստացա, որի մեջ ասվում էր, որ ես 60 դիմորդներից 8 ընտրվածների մեջ եմ և պետք է առցանց հարցազրույց անցնեմ, որն էլ հիասքանչ անցա Աստծո առաջնորդությամբ։ Ժամանելով Ֆրանսիա և հանդիպելով այն մարդկանց, ում հետ պետք է աշխատեի և ապրեի՝ այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչու էր Տերն ասում` ՍՊԱՍԻՐ։ Նա մանրակրկիտ ձևով նախապատրաստել էր թե՛ միջավայրը, թե՛ այն մարդկանց, ում հետ ես պետք է առնչվեի: Այս երկարատև ընթացքն ինձ սովորեցրեց, որ ամեն բանում պետք է վստահել Տիրոջը և չհանձնվել։ Որովհետև Տերը ոչ միայն սպասեցնում էր, որպեսզի ամեն բան նախապատրաստեր, այլ նաև ինձ սովորեցնում էր պայքարել` չնայելով ոչնչի, քանզի շատերն ինձ ասում էին, թե անհեռանկար բաների հետևից եմ գնում։
- Անժելա, ընտանիքից հեռու մենակ ապրելն ու աշխատելը, իհարկե, հեշտ չէ. ինչպես ես կարողանում հաղթահարել դժվարություններն ու առաջ ընթանալ` անկախ ամեն ինչից:
- Տերն ինձ չհուսահատվել և չհանձնվել էր սովորեցնում, որն էլ ինձ շատ է օգնում դժվարությունների ու հոգեբանական ճգնաժամերի ժամանակ: Ընտանիքիս հետ ամեն օր կապի մեջ եմ, դա ինչ որ չափով սփոփում է։ Շատ եմ մտածում նրանց մասին, բայց գիտեմ, որ Տերը հոգ է տանում նրանց համար:
- Որքանո՞վ է քեզ համար կարևոր օտար երկրում քրիստոնեական համայնք գտնելն ու այդ համայնքին, թեկուզև ժամանակավոր, ինտեգրվելը:
-Մենակ և օտար տեղ լինելով, կարծում եմ, ավելի շատ ես սայթաքում և քեզ պետք է հոգևոր ընտանիքի ու համայնքի աջակցությունը։ Հոգեբանական ճգնաժամերի դեպքում հաճախ ինձ ամբողջովին միայնակ եմ զգում, բայց երբ զգում եմ քրիստոնեական համայնքի գրկաբաց վերաբերմունքը, ամեն բան իր տեղն է ընկնում։
- Ի՞նչ նպատակներ ունես ապագայի համար: Մի փոքր պատմիր Ֆրանսիայում քո տպավորությունների մասին, արդյոք կցանկանա?ս հետագայում հաստատվել այստեղ:
- Ապագայի համար շատ շատ նպատակներ ունեմ ու ինձ պատկերացնում եմ ամենուր։ Ուզում եմ ասել` մեծ կանչ եմ զգում շարունակել կամավորության միջոցով Հիսուսին ծանոթացնել մարդկանց ու նրա անսահման սերը սփռել ամենուր` անկախ ազգությունից, ռասսայից ու կրոնական պատկանելությունից։
Ամբողջ կյանքս չեմ պատկերացնում Ֆրանսիայում, բայց կարծում եմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու այստեղ:
- Քո մաղթանքը մեր ընթերցողներին, հատկապես` քո հասակակից երիտասարդ հայուհիներին, թե՛ հայաստանաբնակ, թե՛ ֆրանսաբնակ:
- Կմաղթեմ, որ լինենք ավելի համարձակ, որ դուրս գանք մեր "կոմֆորտ զոնայից" ու ձգտենք անընդհատ բացահայտել ինչ որ նոր բաներ ու չդադարել սովորել։ Իհարկե` չմոռանալով և չուրանալով մեր հայկական արմատները։
Զրուցեց Գոհար Ավագյանը