Մեզանից շատերն են իրենց կյանքում բախվել այն իրավիճակին, երբ, բառացիորեն, ստիպված են ապրել մեկ օրվա կյանքով, ապրել այդ օրը ոչ թե սեփական կամքի ընտրությամբ, այլ, որովհետև դա այն է, ինչ կարող են անել այդ պահին:

Անհնար է կանխատեսել ապագան, իմանալ սպասվող բոլոր սահմանափակումների և փոփոխությունների մասին, ուստի, իրոք, մենք ապրում ենք մեկ օրվա կյանքով:

Մինչդեռ այս տեսակ կյանքի հունը բերում է անլիարժեքության զգացողության ձևավորմանը: Անկեղծ ասած, դա հանգեցնում է հուսախաբության և տխրության, քանի որ մենք սիրում ենք նախապես իմանալ, թե ինչ է սպասվում մեզ վաղը կամ հաջորդ շաբաթ: Իհարկե, մեզ հաճելի չէ նայել օրացույցին և ինքներս մեզ խոստովանել, որ ոչ ոք ոչինչ չգիտի…

Քննելով Հիսուսի ուսուցումները՝ կարելի է հայտնաբերել, որ Նա շատ է խոսել մեր ներկայիս ժամանակների և իրավիճակների մասին: Ապագայի հետ կապված՝ Հիսուսը խոստացել է մեզ հետ լինել (Մաթ. 28.20) և առաջնորդել մեզ, բայց ոչ ավելի, քան անհրաժեշտ է իմանալ:

Ծրագրավորված վաղվա փոխարեն՝ մենք ունենք խոստում այսօրվա համար. «Մեր ամենօրվա հացը տուր մեզ այսօր» խնդրանքով Աստված հոգ է տանում մեզ համար յուրաքանչյուր նոր օր: Այսինքն, Աստված այսօր ապահովում է մեզ այն ամենով, ինչի պետքն ունենք հենց այսօր:

Այս ոչ կայուն ժամանակահատվածում Աստված սովորեցնում է, որ մեզ կտա բավարար ուժ այսօրվա և անշեջ հույս՝ վաղվա համար: Սա է այն մեծ ճշմարտությունը, որից պետք է կառչի քրիստոնյան իր կյանքի յուրաքանչյուր օրվա մեջ: Լինելով Քրիստոսի մեջ՝ մենք նայում ենք այն ապագային, որում արդեն ներկա է Հիսուսը և դա ամենն է, ինչ անհրաժեշտ է մեզ:

Ներկայիս իրադարձությունները վերջնականապես կոտրեցին պատրանքներն այն մասին, թե իբր մարդն ինքն է վերահսկում իր կյանքը: Բայց ավելի լավ է ապրել ճշմարտության լույսի ներքո, քան հաճելի ստի մեջ:

Հիրավի, մենք հիասթափվում ենք ամեն անգամ, երբ որևէ բան դուրս է գալիս մեր վերահսկողությունից կամ նախնական հաշվարկներից, սակայն հենց այդ հիասթափությունն էլ դրդում է մեզ օգնություն խնդրել Աստծուց:

Այսօր մենք կարիք ունենք, որ Աստված մեզ առաջնորդի, մխիթարի ու հոգ տանի. և փառք Աստծուն, որ Նա ականջալուր է իր՝ հուսահատ և կարիքավոր ժողովրդի աղաղակին (Սաղմ. 51.17):

Այսպիսով՝ անկախ մեր գտնված վիճակից, մենք շնորհակալ ենք Աստծուն, որ Նա հիմա էլ շարունակում է հոգալ մեր բոլոր կարիքները. առողջ, թե հիվանդ, աղքատ, թե հարուստ, վստահ, թե վախեցած՝ Քրիստոսի մեջ մեզանից յուրաքանչյուրն այսօր ունի այն, ինչ իրեն անհրաժեշտ է այսօր:

Հեղինակ՝ Ջ. Դ. Գրիար
Աղբյուրը՝ ieshua.org

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.