Քրիստոսի լռությունը
«Լռելու ժամանակ կա և խոսելու ժամանակ»: Ժողովող 3.7
Մենք կարող ենք շատ գործնական դասեր քաղել Քրիստոսի լռությունից:
1. Նազարեթում երեսուն տարվա Նրա լռությունը:
Ոչ մի ձայն չկար Նրա աշխարհ գալու մասին, մինչ հրեշտակների խումբը չհայտնեց այդ մասին: Շաբաթներ անց լսում ենք Հերովդեսի ձիավորների արշավը, և մանուկը փախչում է Եգիպտոս: Դրանից հետո, բացի մի դեպքից, երեսուն տարի էլ ոչինչ չենք լսում Նրա մասին: Այս հռչակավոր բույսը լուռ աճեց Տիրոջ առաջ և տարածեց իր ճյուղերը, որ լցվի աստվածային բույրով: Նա ամեն բան արեց միմիայն Աստծո համար, և հենց սա է ճշմարիտ ծառայությունը, որ մարդ պետք է անի: Ինչո՞ւ էր Նա լուռ մնում: Որ մեզ սովորեցնի ճշմարիտ հնազանդություն: Դա այն չէ, որ ամեն բան անենք Նրա աչքի տակ ու Նրա համար և ոչ էլ, որ բոլորի ուշադրությունը կենտրոնացնենք, թե ով ենք մենք կամ ինչ ենք անում: Նա սովորեցնում է բավարարվել Աստծո տված խոսքով, որ Աստծուն հաճեցնելը Նրան հնազանդվելով է: Արդյո՞ք Աստծո խոսքը քեզ համար բավարար կարևոր է, թեկուզ դրա պատճառով մարդիկ անտեսեն կամ արհամարեն քեզ: Քրիստոսը երեսուն տարի ապրեց՝ անխախտ պահելով օրենքի պատվերները: Սովորե՛ք ձեր մտքում շատ բան պահել Քրիստոսի հնազանդությունից: Դա ձեզ արժանիք կտա մոտենալու Աստծո բարեհաճությանը: Կա ևս մեկ դաս նրանց համար, որ տառապում են: Իսկ ի՞նչ, եթե նրանք իրենց լավագույն հնազանդությունը ցույց են տալիս իրենց լուռ տառապանքի մեջ: Նրանք անում են ամենադժվար բանը, որ երբևէ որևէ մեկը կանչված կլիներ անելու:
Այդ երեսուն տարիներն ավարտվեցին Քրիստոսի մկրտությամբ, երբ երկինքը բացվեց, և մի ձայն ասաց. «Սա է իմ սիրելի Որդին, որին Ես հավանեցի»՝ որպես Աստծո կնիք Քրիստոսի երեսուն տարվա հնազանդության:
2. Քրիստոսի լռությունը Կանայի հարսանիքին:
Նա ոչինչ չասաց հյուրերին, ինչպես մենք կակնկալեինք, որ Նա կանի: Իր առաջին հրաշքը լռության մեջ կատարվեց, երբ Նա նստած էր ամբոխի մեջ: Նրա ներկայությունն էր խոսուն: Լավ մարդու ներկայությունը կարող է մեծ օրհնություն լինել, եթե, իհարկե՛, այդ ներկայությունը նաև Աստծո ներկայությունն է: Երբ Քրիստոսը նստեց այնտեղ, Նա լռությամբ ջուրը գինի դարձրեց:
Աստված խոսեց, երբ ամեն բան ստեղծեց, բայց փրկեց մեզ առանց բառ ասելու:
Դու կարող ես այս խոսքերը վերագրել այս հրաշքին: Ի՜նչ աստվածության ձեռագիր կար այնտեղ: Նա կարող է մտածել, ու դա կկատարվի այնպես, ինչպես Նա խոսի: Առավոտյան արևածագը ձայն չի հանում, բայց մեծ լույս է արձակում: Քրիստոսը սովորեցնում է զորության գաղտնիքը: Սա այն է, ինչ օրհնվելու համար մենք պետք է ունենանք: Նախախնամությամբ Նա սիրում է գործել լռության մեջ: Տառապանքի մեջ ձայն չկա, բայց ձայն կա տառապանքի լռության մեջ: Այսպես է Աստված գործում, որ մենք մտածենք աստվածային բաների մասին, երբ ցանկանում է օրհնել մեզ: Նա Իր հրաշալի գործերն արել է, որ մտածենք դրանց շուրջ: Իրական համոզմունքները գալիս են, երբ մեր հոգին Աստծո հետ լուռ է ու մենակ: Եկեղեցում ոչ ոք չգիտի, թե դու ինչ ես զգում, բայց Տերը գործում է Իր աստվածության կարողության համեմատ: Մենք պետք է կանգնենք խաչի մոտ և նայենք Խաչյալին՝ ասելով՝ «պահի՛ր ինձ, պահի՛ր ինձ»: Լռությամբ նայելով Տեր Հիսուսին՝ ջուրը գինի կդառնա, քար սիրտը կհալվի:
Աղբյուրը՝ sermonindex.net
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը