Հաջողություն ասելով՝ կարող ենք հասկանալ մեր ուզածին հասնելը: Բայց երջանկությունը հետևյալն է՝ դու ուզում ես այն, ինչին հասել ես:

Մարդիկ հաճախ այս երկուսը շփոթում են: Աստծո ժողովուրդն էլ այդպես արեց, մենք էլ ենք այսօր այդպես անում: Իսրայելացիների համար անշուշտ հաջողություն էր իրենց ուզածին հասնելը՝ Եգիպտոսի ստրկությունից ազատվելը: Բայց նրանք իրենց դժբախտ էին զգում, քանի որ չէին ուզում այն, ինչն ունեն՝ անծանոթ և միևնույն ժամանակ վտանգավոր նոր ապրելակերպ, կայունության ու անվտանգության բացակայություն:

Մի՞թե մենք էլ այսօր այսպիսինը չենք: Մեզնից շատերը կյանքից չեն ուզում ավելին, քան սիրահարվել, ամուսնանալ, ունենալ լավ տուն ու մի քանի երեխա, լավ մեքենա, լավ հանգիստ: Եվ հասնում են դրանց: Արդյունքում փաստաբանների և հովիվների սենյակներում նստած են բազմաթիվ չբավարարված կանայք և դժբախտ ամուսիններ: Նրանք հասնում են իրենց ուզածին, բայց հետո չեն ցանկանում այն, ինչ ունեն: Երբ մի պահ ուղղակի մտածենք այս ամենի մասին, կբացահայտենք՝ խնդիրը ոչ թե նրանում է, որ չենք կարողանում հասնել մեր ուզածին, այլ մեր ուզածին հասնելով՝ չենք կարողանում դրանով ուրախանալ ու վայելել, ինչն էլ հանգեցնում է անբավարարվածության: Եվ այստեղ Աստված ասում է. «Դու՛ք, մարդի՛կ, երբեք չկարծեք, որ գիտեք, թե ինչ եք ուզում: Դրա համար Ես կտամ ձեզ ձեր ուզածը, որ գուցե այդ ժամանակ դուք հասկանաք, որ իրական բավարարվածությունը միայն այն ամենի մեջ է, ինչը Ես եմ ձեզ համար կամենում»:

Որպես Աստծո ժողովուրդ՝ Աստված միշտ կփնտրի առիթներ մեզ օրհնելու նորից ու նորից, ինչ էլ որ լինի, անկախ ամեն բանից:

Աղբյուրը՝ preaching.com

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.