Քո ապագան Աստծո ձեռքերում է.․․
«Որովհետեւ ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տէրը, խաղաղութեան խորհուրդները եւ ոչ թէ չարութեան, որ ձեզ տամ ապագան եւ յոյսը» (Երեմիա 29:11)։
Հարցրու քսանամյա երիտասարդներին իրենց ամենամեծ վախերը, և դու կնկատես մի քանի թեմաներ՝ կարիերայի անորոշություն, ֆինանսական ճնշումներ, որոնց ավելանում է ուսանողական հսկայական պարտքը, սթրեսը հարաբերություններում։
Մի քանի տարի անց արդեն սովորական է, որ երբեմնի իդեալիստական, աշխարհը փոխող մտածելակերպը քանդվում է ամենօրյա աղետի ներքո: Ո՞ւմ ձեռքերում է ապագան։ Վերջում ամեն բան կստացվի՞:
Մենք շնորհակալ ենք Հիսուսին, որ Իր հետևորդներն ենք, քանի որ ինչ վերելքներ կամ վայրէջքներ ենք ունենում մեր կյանքում, Աստված վերահսկում է։
Անդրադառնալով Իսրայելին տրված Աստծո խոստումներին, երբ նրանց ապագան անորոշ էր՝ եկե՛ք ուշադրություն դարձնենք Աստծո մի քանի խոստումների, որոնք կօգնեն պահպանել հույսը կյանքի անորոշության մեջ կողմնորոշվելիս.
· «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3:5-6)։
· «Եւ հաստատ համոզուած եմ սորան, թէ նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարէ էլ մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպպեցիս 1:6)։
· «Եւ յոյսի Աստուածը լեցնէ ձեզ ամեն ուրախութիւնով եւ խաղաղութիւնով, հաւատալու մէջ, որ յուսով աւելանաք Սուրբ Հոգու զօրութիւնովը» (Հռոմեացիս 15:13)։
· « Եւ քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայի 30:21)։
Մեր աշխարհում՝ այսքան անխաղաղ վիճակում, մենք բոլորս կարող ենք մտահոգվել, թե ինչ է սպասվում ապագայում: Դա կարող է լինել սարսափելի, անորոշ վայր, բայց Աստված ասում է. «Որովհետեւ Ինքն ասեց, թէ Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ» (Եբրայեցիս13:5)։
Մենք չենք կարող իմանալ, թե ինչ կկատարվի ապագայում, բայց մենք ճանաչում ենք Մեկին, Ով գիտի և կարող է մեզ տալ համարձակություն անցնելու այն ամենի միջով, ինչ էլ որ մեզ սպասվի։
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը
Աղբյուրը`rightfromtheheart.org