Քարի նման սիրտ
«Ոչ մեկին չարը չարով մի՛ հատուցեք։ Բոլոր մարդկանց առջև բարի խորհո՛ւրդ ունեցեք» (Հռոմեացիներին 12.17)։
Մի իմաստուն մարդ, ով ապրում էր հին ժամանակներում, շատ էր սիրում սովորեցնել մարդկանց։ Երեխաներն ևս հաճախ գալիս էին նրա մոտ, որպեսզի ինչ-որ լավ բան սովորեին իրենից։ Մի անգամ իմաստունն ասաց երեխաներին.
-Ձեզանից յուրաքանչյուրը պետք քարի նման սիրտ ունենա։
Երկար լռությունից հետո մի տղա (ամենաքաջը) ասաց.
-Ինչու՞ պետք է քարի նման սիրտ ունենանք։ Այդպես ասում են այն մարդկանց մասին, ովքեր շատ չար են և քարի նման կոշտ սիրտ ունեն։
-Դու ճիշտ ես, ի՛մ ընկեր, - պատասխանեց իմաստունը, - բայց ես այլ բան նկատի ունեմ. տեսնու՞մ ես այն քարը։ Մոտեցիր և հարվածիր դրան։
Տղան շատ զարմացավ, բայց արեց այնպես, ինչպես ասել էր իմաստունը։
-Նա հարվածե՞ց քեզ, - հարցրեց իմաստունը, - իսկ հիմա բղավիր նրա վրա։
Տղան, որքան հնարավոր է, բարձր բղավեց։
-Դե ի՞նչ, նո՞ւյն կերպ պատասխանեց քարը։ Այդպես էլ դուք չպետք է չարին չարով պատասխանեք, այլ պետք է այս քարի պես հանգստություն պահպանեք։
Հիսո՛ւս, օգնիր մեզ չբարկանալ, երբ մեզ վիրավորում են, այլ աղոթել նրանց համար, որ չարությամբ չվարվեն։ Իմաստություն տուր նրանց, որ տեսնեն իրենց սխալները և ուղղեն դրանք։ Ամեն։
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը