Ուստի որպես Աստծո ընտրյալներ, սուրբ եւ սիրելի, ձեր վրա հագեք գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, համբերատարությունը: Կող. 3.12

Պատմվում է, որ կար մի ծերունի, որ իր հետ միշտ սրվակով յուղ ուներ: Երբ հանդիպում էր որեւէ դռան, որը բացվելու եւ փակվելու ժամանակ ձայն էր հանում, մի փոքր յուղ էր կաթեցնում ծխնու վրա: Այսպես այս մարդը մինչեւ իր կյանքի վախճանը ուր որ գնաց, ուզեց կյանքը մի քիչ ավելի հեշտացնել ուրիշների համար:
Մարդիկ նրան նայում էին որպես տարօրինակ մի մարդու, սակայն այդ ծերունին շարունակեց լեցուն պահել իր սրվակը եւ յուղել այն բոլոր դռները, որոնք ճռռում էին բացվելու եւ փակվելու ժամանակ:

Շատ մարդիկ կան, ովքեր իրենց կյանքի ընթացքում ունենալով դժվարություններ հառաչում են իրենց սրտի խորքերից: Իրենց համար կարծես ամեն բան անհաջող է գնում: Նրանք ունեն քաղցրության, բարության եւ ուրախության յուղով օծվելու կարիք: Դու քո հետ պտտեցնու՞մ ես յուղի սրվակդ… Նրանով յուղիր, հեշտացրու եւ ուրախացրու այն կյանքերը, որոնք ամենամոտն են քեզ: Այդ պարտականությունդ արա ամեն օր, այդպես սկսիր օրդ եւ շարունակիր անուշ ժպիտով բոլոր նրանց հանդեպ, որոնք լքված, հուսահատ կամ ընկճված են՝ այս կերպով յուղելով եւ հեշտացնելով նրանց տխուր կյանքերը: Նախ սկսիր քո տնից:

Մեր կյանքերում կան շատերը, ում միայն մեկ անգամ պիտի հանդիպենք: Եղիր արթուն եւ ուշադիր ու միշտ պատրաստ գործածելու քո յուղը:

Քաղցր խոսքը արեւի տաքուկ ճառագայթ է սառած սրտերի համար, ուստի տու՛ր այն, եւ մնացածը պատմիր Տեր Հիսուսին:

«Եղբայրասիրության մեջ իրար հանդեպ գթած եղեք» Հռովմ. 12.10

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.