Ծոմապահություն ասելիս՝ շատերս հասկանում ենք հրաժարվել ուտելիքից մի որոշ ժամանակով: Իսկ ի՞նչ էր հասկանում Մայր Թերեզան, երբ խոսում էր ծոմապահության մասին: Միայն ուտելիքից հրաժարվելը բավակա՞ն է, թե՞…

Ծոմապահությունը հրաժարվելու լուրջ և համառ կոչ է: Իսկ ինչի՞ց հրաժարվելու. սեփական «ես»-ից, կամակորության և ցանկությունների խավարից, սեփական թերություններից և կրքերից:

Ծոմ պահել՝ նշանակում է «ոչ» ասել այն ամենին, ինչը ենթադրում կամ պահանջում է հպարտություն, եսասիրություն, արատ: Ծոմ պահելով մենք սկսում ենք լսել մեր խղճի ձայնին, սկսում ենք հարգել ուրիշին, պահպանում ենք մեր հավատարմությունն Աստծո սուրբ օրենքի հանդեպ:

Ծոմապահություն՝ նշանակում է սահմանափակել անսանձ ցանկությունները՝ անձի վրա լիակատար հսկման հասնելու, անձնական բնազդները կառավարել սովորելու միջոցով: Ինչպես և նախկինում՝ հին ժամանակներում, այդ արարքները մնում են հանուն Տիրոջ ինչ-որ բանից հրաժարվելու գործողություն: Ծոմ պահել նշանակում է հրաժարվել ինչ-որ բանից՝ որևէ եղբոր կարիքը հոգալու համար: Ծոմը բարության և գթության դրսևորումն է:

Իսկական ծոմապահը հետ է պահում իրեն չար մտքերից, գործերից և խոսքերից, բարկությունից, կատաղությունից, վրեժից: Նա իր լեզուն պահում է դատարկախոսությունից, չարախոսությունից, ստից, շողոքորթությունից, քննադատումից, բամբասանքից: Ծոմի ժամանակ հարկավոր է հրաժարվել կերակուրից և ոչ միայն:

Ծոմապահության ժամանակ հարկավոր է ուշադրությամբ հետևել մտքերի մաքրությանն ու սրտի լռությանը: Միայն սրտի լռության մեջ է հնարավոր լսել Նրա խոսքերը, որոնք բերում են խաղաղություն և հանգստություն:

Ծոմը հիանալի ժամանակ է աղոթքի համար, որն ամրացնում է հոգին: Մաքրեք ձեր հոգիներն այն ամենից, ինչը Հիսուսից չէ: Եթե ձեզ կթվա, որ դժվար է աղոթելը, ապա խնդրեք Նրան. «Հիսո՛ւս, ե՛կ իմ սրտի մեջ, որպեսզի ես Քեզնից աղոթել սովորեմ»:

Ծոմն օգնում է մեզ գոհությամբ ընդունել այն ամենը, ինչը Տերը տալիս է մեզ, և ուրախությամբ, սիրով ու ժպիտով տալ այն ամենը, ինչը Նա վերցնում է մեզնից: Աստված սովորեցնում է մեզ ներել սիրով և մոռանալ խոնարհաբար: Հարկավոր է նայել սրտին և տեսնել, թե չի՞ մնացել արդյոք այնտեղ վիրավորանքի և չմոռացված ցավի չներում:

Ծոմը հնարավորություն է՝ ավելի շատ ճանաչելու և սիրելու Աստծուն, մաքրվելու և փոխելու կյանքը մեր իդեալ Հիսուս Քրիստոսի կյանքի համեմատ: Ծոմը լռելու, ջերմ աղոթքի, յուրահատուկ խոնարհության և հոգևոր գործունեության ժամանակն է:

«Մայր Թերեզա. հայտնի մարդկանց կյանքից» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.