Ինչո՞ւ են գալիս դժվարությունները
Կյանքում կան իրավիճակներ, որ մարդ գիտի ու սպասում է, որ դժվարություն է լինելու ու գոնե հոգեպես պատրաստվում է այն հաղթահարելու, բայց երբեմն փորձությունները կամ դժվարությեւնները գալիս են անսպասելի ու մարդուն գցում թվացյալ անելանելի դրության մեջ:
Ինչո՞ւ եմ ասում թվացյալ, որովհետև մեծամասամբ դժվարությունները հաղթահարելի են և վստահ եմ՝ հատուկ նպատակի համար: Երբ մենք ընկնում ենք մի քանի անգամ, սկսում ենք հիշել, որ միայնակ բարձրանալը միշտ չէ, որ ստացվում է, այսինքն՝ մենք ընկնում ենք հիշելու համար, որ կա մեկն, Ով մեզ բարձրացնում է:
Երբեմն մենք կարողանում ենք բարձրանալ ինքնուրույն՝ ինչ-որ մոտիվացիաների կամ այլ բազում մարդակենտրոն մեթոդների օգնությամբ, բայց այդ ինքնուրույնությունը երկար չի տևում:
Փոքր ու մեծ դժվարությունները գալիս են մեր կյանք՝ հիշեցնելու մեզ, որ պետք է ժամանակ անցկացնենք Աստծո հետ, որ պետք է ավելի մոտենանք Նրան: Թեև երբեմն զարմանալի է, բայց ես վստահ եմ, որ ոչինչ պատահական չի լինում:
Մի բան իմ կյանքից հասկացել եմ, որ եթե ընկած եմ, դժվարության մեջ եմ, ուրեմն առաջնահերթ թերացել եմ Աստծո հետ հարաբերություններում: Իհարկե, այնպես չէ, որ Աստծուն մոտ գտնվելիս մարդ դժվարություն չի ունենա, սակայն տարբերությունն այն է, որ Աստծուն մոտ գտնվող մարդը հասկանում է, թե ինչու՞ է բախվել այդ դժվարությանը և ինչ նպատակի համար է այն:
Որքա՜ն խաղաղություն, որքա՜ն սեր և ներդաշնակություն է տիրում մեր կյանքում, երբ մենք Աստծուն մոտ ենք և հասկանում ենք, թե ինչ է կատարվում մեր կյանքում:
Երանի թե, ամեն օր միմիայն մոտենանք Աստծուն և երբեք այդ մտերմությունից հետ չընկնենք:
Էսթեր Զաքարյան