Ինչո՞ւ է Սուրբ Հոգին մեր կյանքում
«Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստվածանից է. Որ ճանաչենք այն բաները որ Աստվածանից տրվեցավ մեզ» (Ա Կորնթացիս 2:12):
Սուրբ Հոգին մեր կյանքում է, որ ցույց տա այն բաները, որ Աստված տվել է մեզ: Այսօր մենք շատ բաներ ունենք Աստծուց, որ չենք բացահայտել: Աստված մեզ տվել է շատ խոստումներ, որոնք դեռ չեն իրականացել մեր կյանքում, Աստված մեզ տվել է շատ պարգևներ և տաղանդներ, որոնք դեռ ամբողջությամբ չեն գործադրվել, Աստված մեզ տվել է զորություն և իշխանություն չարի և նրա բոլոր գործերի վրա, որոնք լրիվությամբ դեռ չեն կիրառվում։ Սուրբ Հոգին մեր կյանքում է, որ ամեն օր բացի նոր բաներ։ Տեր Հիսուսն ասաց, որ «Նա կհիշեցնի այն ամենը, որ Ես խոսել եմ ձեզ և նոր բաներ էլ կհայտնի ձեզ»։
Վերջերս լսեցի այսպիսի արտահայտություն, ինչի հետ լիովին համաձայն եմ. «Կրոն է դառնում այն հավատքը կամ կրոնավոր է դառնում այն հոգևորը, որ այլևս հայտնություն չունի Աստծուց»։ Աստծուց ստացած հայտնությունը մեզ դարձնում է հոգևոր մարդիկ, այսինքն՝ Հոգով ապրող մարդիկ, այն մեզ թարմացնում է ամեն օր և օգնում՝ հասկանանք երկնային բաները և ապրենք այդ երկնայինով, այլ ոչ թե երկրային արժեքներով։
Սուրբ Հոգու անուններից մեկը «Մխիթարիչն է»: Նա մեր մեջ և մեզ հետ է, որպեսզի ամեն օր օգնի, մխիթարի և բարձրացնի: Այս դաժան աշխարհում մենք շատ պատճառներ ենք ունենում տրտմելու, հիասթափվելու, կոտրվելու և հանձնվելու։ Բայց Նա շարունակում է մեզ հիշեցնել, որ մենք այս աշխարհից չենք, որ մեր քաղաքացիությունն ու քաղաքականությունը այս երկրայինը չէ, այլ երկնայինն է: Նա շարունակ մեզ քաջալերում է ու լցնում հույսով և կրկին բարձրացնում ու առաջ մղում, որովհետև Նա մեր Մխիթարիչն է։
Մենք արտոնություն ունենք Աստծուն մոտենալու համար, և Սուրբ Հոգին է, որ ամեն օր մեզ օգնում է, որ այդ արտոնությունից օգտվենք: Երբեմն սա հասարակ բան է թվում մեզ համար, բայց սա այն է, ինչի համար Տեր Հիսուսն իր կյանքը դրեց, որպեսզի մարդը կրկին ի վիճակի լինի մոտենալ Աստծուն, քանի որ մարդուս գործած մեղքերը նրան հեռացրել էր սուրբ Աստծուց։ Իսկ հիմա մենք կարող ենք մոտենալ Աստծուն Քրիստոսի կատարած զոհի միջոցով, բայց այս ամենի ամենօրյա, իրական դառնալը մեր կյանքում ապահովում է Սուրբ Հոգին, ում միջոցով մենք հասկանում ենք մեր կարգավիճակը և Նրա միջոցով էլ կարողանում մոտենալ Աստծուն։
Մենք փնտրում ենք Աստծո կամքը ամեն օր և Սուրբ Հոգին է, որ օգնում է հասկանալ: Շատերս քայլում ենք այս կյանքում թափառականի պես կամ մոլորված և շփոթված, որովհետև չգիտենք, թե Աստված ինչ ունի մեզ համար։ Ես կարծում եմ, որ նպատակային կյանքը, իրական կյանքը, իմաստալից կյանքը և լիուլի կյանքը մարդը կարող է ապրել միայն այն ժամանակ, երբ նա ապրում է Աստծո կամքի համեմատ։ Այդ իսկ պատճառով էլ Նա մեր կյանքում է, որ բացի այն ամենը, որ Աստված ունի մեզ համար, օգնի՝ հասկանանք ու ընդունենք և կարող լինենք ապրել այն կյանքը, որը լավագույնն է մեզ համար։
Երբ մարդ ծնվում է վերստին, այդ ժամանակ իր մեջ վերականգնվում է աստվածային կերպարանքը, ծնվում է նոր մարդ, բայց նոր մարդը չի կարող գոյատևել, եթե Սուրբ Հոգին նրա մեջ և նրա հետ չլինի: Վստահ եղիր, մեղավոր բնություն ունեցող երկրավոր էակն անկարող է պահել իր մեջ երկնային մի բան, որը մեր սրբությունն է, մեր արդարացված լինելու կարգավիճակն է, Աստծո որդի լինելու փաստն է։ Այս ամենը մենք ի զորու չենք պահելու, որովհետև մարդ ենք, սահմանափակ և թույլ, որովհետև մարմնավոր մարդը չի կարող հասկանալ հոգևոր բաները և անգամ այն իրեն հիմարություն կթվա։ Բայց մենք այն պահում և ապրում ենք այդ կյանքով, որովհետև Սուրբ Հոգին մեր մեջ և մեզ հետ է, և Նա է մեզ առաջնորդում ամեն օր՝ որպես Աստծուց ծնված երկնքի կերպարը ունեցող մարդիկ։
Այսօր քաջալերում եմ, որ Սուրբ Հոգու հետ ընկերություն անես. այնքան բաներ կան, որ Նա ուզում է սովորեցնել քեզ և մոտեցնել Աստծուն: Ուշադիր եղիր, որ վերցնես քեզ համար պատրաստված խոստումները, իշխանությունն ու զորությունը, պարգևներն ու տաղանդները։ Զգոն եղիր, որ լսես Նրա Աստվածային հայտնությունները, և ի վիճակի լինես մոտենալ Աստծուն ամեն օր։
Արթուն եղիր, որ քո տկարության մեջ թուլ չտաս կործանարար հակառակորդին, այլ մոտենաս Նրան, ով հասկանում է քեզ բոլորից առավել և կարող է մխիթարել քեզ։ Իմաստուն եղիր և մոտեցիր Նրան, որ հասկանաս, թե ինչ է Աստծո կամքը քեզ համար և Նրա միջոցով էլ ապրես այդ կյանքը, որովհետև այն հիանալի է և լիուլի կյանքն է պատրաստված Հայր Աստծո կողմից քեզ համար, որ տրվում է Տեր Տիսուսի ձեռքով և իրականանում է մեր կյանքում Սուրբ Հոգու միջոցով։
Արտավազդ Թադևոսյան