Ինչպես աղոթել, երբ շուրջդ խավար է
Մի քանի շաբաթ առաջ իմ կրտսեր քույրն ուներ առողջական լուրջ խնդիրներ: Նա իրապես անցնում էր խավարի ու դժվարության մի ընթացք: Այնուամենայնիվ, այդ պայքարի մեջ, նա ասաց ինձ. «Ես չեմ պատրաստվում բաց թողնել պայքարի ոչ մի վայրկյան՝ այն ամենի պատճառով, ինչ Աստված անում է իմ մեջ և իմ միջոցով»:
Որքան էլ մեծ էին քրոջս ֆիզիկական ու մտային տառապանքներն ու ֆինանսական դժվարությունները, մեկ է՝ Աստծո շնորհի պարգևն առատապես դրսևորվում էր նրա կյանքում: Մենք աղոթում էինք, որ նրա անձնական հաղթանակի մեջ միայն Աստված ստանա պատիվն ու փառքը, ու այդպես էլ եղավ: Նա այդ դժվար շրջանում կարողացավ երկու հոգու մոտեցնել Աստծուն, այդ թվում՝ մեկին օգնելով հաղթահարել իր անձնական խնդիրները:
Այս ամենն ասելու իմ նպատակը հետևյալն է. միշտ չէ, որ մենք պետք է աղոթենք դժվարություններից ազատվելու համար, երբեմն անցնելը դրանց միջով նույնպես կարևոր է, ու այդ ժամանակ մենք պետք է աղոթենք պարզապես այդ ընթացքը ճիշտ կերպով անցնելու համար: Ինչպես Պողոսն է գրում. «Ես սովորեցի՝ ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել…» (Փիլիպեցիս 4.11):
Ահա մի քանի սկզբունք՝ ինչպես աղոթել այն ժամանակներում, երբ խնդրից դուրս գալու ելքը հեռու է թվում.
• Աղոթեք ընթացքի համար: Խնդրեք ոչ թե պարզապես բարեհաջող ավարտ, որին դուք ցանկանում եք հասնել, այլ վստահե՛ք Աստծուն ձեր դժվար ճանապարհը, որպեսզի Նա ձեզ ուղեկցի: Անգամ, եթե չեք տեսնում, Նա, միևնույնն է, գործում է ձեր մեջ, ձեր միջոցով ու ձեր շուրջը: Իմացեք, որ Նա կարող է հաղթահարել ամեն բան ու ազատել ձեզ ամեն ինչից, ինչով դուք անցնում եք:
• Աղոթեք նրանց համար, ովքեր փորձությունների միջով են անցնում ձեզ նման, կամ աղոթեք նրանց հետ միասին: Աստված կարող է օգտագործել ձեր հանգամանքը՝ քաջալերելու կամ հաստատելու ուրիշ մեկին:
• Խնդրեք Աստծուն բացել ձեր «հոգևոր» աչքերը, որ տեսնեք Նրա Արքայությունը ձեր իրավիճակի մեջ:
• Ուրախացե՛ք Աստծո առջև ու գոհացե՛ք Նրանից ձեր դժվարությունների ամենաթեժ ժամանակներում՝ իմանալով, որ Նա ունի նպատակ, և Նրան է պատկանելու ձեր փառահեղ ելքի ողջ փառքը:
• Աղոթեք մեծ հավատքի համար:
• Վերջիվերջո, երբ դուք չգիտեք՝ ինչ անել կամ ինչպես աղոթել, խնդրեք Սուրբ Հոգուն առաջնորդել ձեզ և բացել Աստծո առաջ ձեր սիրտը:
Քիմ Բաթս՝ «Հունձք» աղոթքի առաքելության համահիմնադիր