«Բայց Նէեմանը բարկացաւ եւ գնաց՝ ասելով. Ահա ես կարծում էի թէ անպատճառ ինձ մօտ դուրս կգայ եւ կկանգնէ ու իր Եհովայ Աստուծոյ անունը կկանչէ, եւ ձեռքը կդնէ այն տեղի վերայ, եւ այն ժամանակ բորոտութիւնը կբժշկէ»: 4 Թագ. 5.11:

Այստեղ նկարագրվում է Նեեմանի պատմությունը՝ ասորի զորագլուխի, ով բորոտ էր: Ոչ ոք չէր կարող օգնել նրան: Լսելով, որ Իսրայելում կա մարգարե, նա եկավ նրա մոտ՝ ակնկալելով ստանալ օգնություն: Բայց Եղիսե մարգարեն անգամ դուրս չեկավ նրան ընդառաջ՝ տալով ցուցումներ իր ծառայի միջոցով՝ ասորացի զորագլուխը պետք է յոթն անգամ սուզվեր Հորդանանում, որ ստանար բժշկություն: Նեեմանը խիստ վիրավորվեց մարգարեից և որոշեց անմիջապես հեռանալ, բայց ժամանակին լսեց իր ծառաների իմաստուն խորհուրդը և որոշեց փորձել: Այս մարդը յոթն անգամ սուզվեց Հորդանանի ջրերում, և նրա մարմինը դարձավ մաքուր, ինչպես նորածնինը:

Եթե այս մարդը չթողներ իր սկզբունքները և վիրավորանքը, ապա, հավանաբար, նա կմահանար բորոտությունից:

Քանի՞սը մեզանից չեն ստացել Աստծո օրհնությունները միայն այն պատճառով, որ եղել են վիրավորված:

Երբեմն մենք վերաբերվում ենք վիրավորանքին, ինչպես ինչ-որ աննշան բանի, բայց հենց դա է դառնում շատ պարտությունների, հաջողության բացակայության և անգամ վաղաժամ մահվան պատճառ:  Եթե նայենք մեր հիշողության հուշատետրին, կհայտնաբերենք, որ վիրավորանքի պատճառով մենք դադարել ենք վաղուց շփվել շատերի հետ: Փոքր վիրավորանքը կարող է պատճառել ահռելի վնաս ամբողջ կյանքին և քանդել հարաբերություններն ընտանիքում:

Ճանաչել վիրավորանքը հեշտ է: Եթե մենք անընդհատ խոսում ենք բացասական մարդու մասին, ուրեմն՝ վիրավորված ենք նրանից: Մենք վրդովվում ենք, երբ լսում ենք, որ այլոք խոսում են նրա մասին: Հոգում մնում է տհաճ նստվածք նրա անվան ամեն հիշեցումից: Անգամ ամենափոքրիկ վիրավորանքը կարող է մեզ զրկել հոգու խաղաղությունից: Մենք նմանվում ենք անպտուղ թզենուն, որի վրա Հիսուս Քրիստոսը պտուղ չգտավ: Մենք կարող ենք ձևացնել, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, ժպտալ, սակայն ներքուստ մենք դատարկ ենք, վիրավոր, վիրավորված: Վիրավորանքը լուռ մարդասպանի նման կործանում է մեզ ներսից՝ բերելով մեծ տառապանքներ:

Պետք է ազատագրվել այդ վտանգավոր բեռից: Մենք ակնկալում ենք Աստծուց օրհնություններ, բայց չենք ստանում, քանզի մեր ներսում ապրում է վիրավորանքը:

Դուք կարող եք փոխել անցյալը և այն, ինչ պատճառում է ցավ: Փոխե՛ք ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ: Սովորե՛ք ներել: Դա հեշտ չէ, բայց Աստծո հետ հնարավոր է ամեն բան: Մենք կարող ենք տալ բոլոր խնդիրներն Աստծուն: Բացե՛ք Նրան ձեր սիրտը, պատմեք՝ որքան դժվար է ձեզ համար և ցավոտ ներելը, բայց դուք չեք ուզում ապրել այդ բեռով՝ դանդաղորեն մեռնելով:

Խնդրե՛ք, որ Աստված օգնի ձեզ փոխել վերաբերմունքը կյանքի նկատմամբ, և կտեսնեք, որ սթրեսներն ու վրդովմունքները կհեռանան, ամեն բան կկարգավորվի, և դուք նորից կկարողանաք ուրախանալ կյանքով:

Հեղինակ՝ Վյաչեսլավ Բոյնեցկի
Աղբյուրը՝ slovo.in.ua

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.