Ինչպե՞ս և ինչո՞վ կարող ենք օգնել մեր ամուսիններին. Հարմար օգնական
«Լավ չի, որ Ադամը մենակ լինի: Նրա համար մի հարմար օգնական ստեղծեմ…» (Ծննդոց 2.18):
Առաջնային բաներից մեկը, որի համար մենք ստեղծվել ենք ու կանք, տղամարդու համար հարմար օգնական ու կյանքի ընկեր դառնալն է: Շատ հաճախ «օգնական» բառը մեզ բարկացնում է՝ կարծես տալով թերարժեքության զգացում, սակայն իրականում դա այդպես չէ: Մենք Աստծո գլուխգործոցն ենք՝ Նրա առջև կանգնելու և Նրան փառավորելու համար: Իսկ օգնական լինելը մեր կոչումն է և մեր ընտրվածությունը: Այն մի հանձնարարական է Աստծո կողմից՝ մեր ամբողջ կյանքի համար:
Ինչպե՞ս և ինչո՞վ կարող ենք օգնել մեր ամուսիններին՝ օգնել, որպեսզի նրանք լավագույնս իրականացնեն իրենց՝ տան գլուխ լինելու պարտականությունը:
Ստորև բերված մի քանի կետերը կօգնեն մեզ՝ ստուգելու ինքներս մեզ որպես օգնականներ կամ Տիրոջով դառնալու այդպիսիք:
Սիրելի՛ քույրեր, տղամարդիկ իրենց բնույթով միշտ արթուն են և գործնական. նրանց միայն խոսքերը բավարար չեն, մենք կարիք ունենք միշտ նրանց կողքին լինելով՝ ապացուցել մեր սերն ու հոգատարությունը գործերով:
Քո ամուսնուն շատ կօգնի այն, որ նա ամեն օր իմանա, որ դու իրեն շատ ես սիրում, որ քեզ հաճելի է նրա հետ, դու երջանիկ ես, որ նա քո կողքին է: Նրան հարկավոր են հավատարիմ և մտերիմ հարաբերություններ՝ անկեղծ և անմիջական, առանց կարծրատիպերի: Այս ամենը նրան դարձնում է ուժեղ և ինքնավստահ, բարձրացնում է նրա ինքնագնահատականը:
Նրան՝ որպես քո գլուխ, անկասկած հարկավոր է քո հնազանդությունը՝ ոչ թե մասնակի, այլ ամբողջական: Դանդաղորեն և ուշացած հնազանդությունը գրեթե հավասարազոր է անհնազանդության: Սիրելինե՛ր, չլինենք կամակոր երեխաների նման, չհետաձգենք հնազանդությունը: Սիրո լավագույն ապացույցը հնազանդությունն է:
Քո ամուսինը կարիք ունի, որ դու ամբողջությամբ վստահես ու հավատաս նրան՝ որպես տան կառավարիչ, քաջալերես ու հավատ ներշնչես ամեն իրավիճակում: Այդպիսով նա ավելի պատասխանատվություն կվերցնի և որպես տան գլուխ կանի առավելագույնը, իսկ ձախողումներից էլ չի վախենա, որովհետև նրա սիրտը վստահ կլինի քեզ վրա, որ ճիշտ մոտեցում կցուցաբերես ցանկացած պարագայում:
Նա կարիք ունի, որ քո շրթունքները քաղցրությամբ բացես, արժանացնես նրան գովեստի: Նա պիտի զգա, որ իր անունն ու պատիվն ամեն ժամանակ բարձր կպահես ընտանիքում և հասարակության մեջ: Գնահատի՛ր նրա ամեն մի արարքը և մի՛ խնայիր գովեստի խոսքեր: Հարգանքի արժանացրու նրան երեխաների մոտ: Սովորեցրու երեխաներիդ հարգել ու ակնածել նրանից: Դու և քո արարքները միակ ու լավագույն օրինակն են նրանց համար:
Քո կարողությունների օգտագործումը նրան կուրախացնի և նա իրեն միայնակ չի զգա ընտանեկան և եկեղեցական կյանքում: Որպես հարմար օգնական՝ արա այն, ինչ-որ պիտի անես, և մի փորձիր նրա տեղը զբաղեցնել և որոշումներ կայացնել կամ էլ նրան ուղղորդել ընտանիքում: Օրինակելի և Աստծուն հաճելի ընտանիք կլինեք այն դեպքում, երբ ամեն մեկդ ձեր տեղը զբաղեցնեք:
Սիրելի՛ քույրեր, լինենք խոհեմ և հավատարիմ և, որպես հարմար օգնականներ, հաճեցնենք Աստծուն և ուրախացնենք մեր ամուսիններին: Կառուցենք ամուր և առողջ ընտանիք մեզ համար, Աստծո և մեր հայրենիքի համար:
Անետ Սարգսյան