Ինչո՞ւ ապաշխարել այսօր, եթե վաղն էլ Աստված կների. Բիլլի Գրեհեմ
Ընթերցողի այն հարցին, թե`
«Ինչո՞ւ ապաշխարել այսօր, եթե Աստված ցանկացած պահի կարող է ներել: Եվ ի՞նչ կլինի, եթե ապաշխարեմ մահից անմիջապես առաջ: Ախր ինձ շատ է դուր գալիս իմ կենսակերպը և չեմ ցանկանում դրանից հրաժարվել, միևնույն ժամանակ կամենում եմ մահից հետո անպայման երկնքում հայտնվել»,
Բիլլի Գրեհեմը պատասխանում է հետևյալ կերպ.
«Մի՛ խաբվեք, Աստծո ներումը չեք կարող ստանալ հենց այնպես: Աստծո ներումը գալիս է միայն այն ժամանակ, երբ մենք ապաշխարում ենք մեր մեղքերից:
Ապաշխարություն նշանակում է անկեղծորեն զղջալ գործած մեղքերի համար և ունենալ դրանցից շուտափույթ ազատվելու ցանկություն:
Ինչո՞վ եք համոզված, որ հետագայում կունենաք ապաշխարելու, Հիսուսին դառնալու հնարավորություն: Մահը կարող է վրա հասնել հանկարծակի, անգամ, երբ մարդը երիտասարդ է և գտնվում է ուժերի ծաղկման շրջանում:
Աստվածաշունչը մեզ զգուշացնում է` «Մարդը նման է ունայնության, նրա օրերն անցնող շուքի պես են» ( Սաղմ. 144.4):
Ղուկաս 12-րդ գլխում ներկայացված է մի մեծահարուստի մասին, ով որոշում է կայացնում իր կյանքի մնացած մասն ապրել ճոխության մեջ: Բայց հենց նույն գիշեր նրա կյանքը մոտենում է վախճանին, իսկ նա պատրաստ չէր Աստծո հետ հանդիպմանը (Ղուկաս 12.16-21):
Ուստի թույլ մի՛ տվեք, որ ձեզ հետ էլ նման բան կատարվի:
Գոյություն ունի ևս մի վտանգ, որին պետք է լրջորեն վերաբերվել: Որքան շատ եք անտեսում Աստծուն, այնքան ձեր սիրտն ավելի է խստանում Նրա նկատմամբ: Ցավոք, շատերն են ձեր պես մտածում, բայց երբ գալիս է իրենց «ժամանակը», նրանք արդեն չեն լսում Աստծո` դեպի Իրեն կանչող ձայնը:
Մի՛ հավատացեք սատանայի ստին, թե առանց Աստծո կյանքն ավելի լավն է: Առանց Աստծո կյանքը տառապանք է և՛ ներկայում, և՛ հավիտենության մեջ: Ուստի բացե՛ք ձեր սրտերը Քրիստոսի առջև և վայելեք ամեն օրը Հիսուսի հետ ապրելու անկեղծ խնդությունը»: