Ի՞նչը փոխվեց այդ մեկ շաբաթվա մեջ
Ծաղկազարդի կիրակին, երբ Հիսուսը Երուսաղեմ մուտք գործեց՝ որպես հաղթական Թագավոր, Նրան ջերմորեն ողջունեցին բոլոր Իրեն հավատացողները: Նրան փառաբանող աժողովուրդը սկսեց «Օվսաննա» բացականչել, արմավենու ճյուղեր թափահարել և պատվել Աստծո Որդուն: Հիվանդներ բժշկողը և իրենց սեր ու իմաստություն ուսուցանողը եկել էր, ուստի մարդիկ փառաբանում էին Նրան:
Բայց ի՞նչ սխալ բան հանկարծ պատահեց նույն այդ շաբաթվա ընթացքում: Այդ ի՞նչ բան էր, որ այդ «Օվսաննա» բացականչող ժողովուրդը հանկարծ սկսեց գոռալ «Թող խաչվի»:
Ամեն բան սկսվեց նրանից, որ Հիսուսը սկսեց ասել նրանց այնպիսի խոսքեր, որոնք չէին ուզում նրանք լսել: Նա տաճարից դուրս հանեց առևտուր անողներին, փող փոխողներին: Ուսուցանեց, թե մաքսավորներն ու պոռնիկներն էլ, երբ դարձի գան, կարող են մտնել Երկնային Թագավորություն: Հետո ներկայացրեց մի շարք «վայ»-եր կրոնական առաջնորդների դեմ. «Վայ ձեզ, դպիրներ և փարիսեցիներ՝ կեղծավորներ…» ասաց նրանց:
Ահա, թե Ով է Հիսուսը Իրեն հավատացողների համար. արդար Մեկը, միակ Կատարյալը, մարմնացած Աստված: Նա չէր եկել ժողովրդականություն շահելու: Նրա գործը ճշմարտությունը հայտարարելն էր և մարդկանց փրկություն ապահովելը: Եվ դա Նրա համար Իր կյանքը արժեցավ:
Փառաբանենք Նրան Իր կատարելության և սիրո համար:
«Զհաց մեր հանապազօր» գրքույկից