Հոգևոր շինարարությունը․․․
Մեկը, քարը քարի վրա դնելով, տուն էր շինում։ Հարցրին նրան.«Եղբա՛յր, ինչպիսի՞ տուն ես շինում, ի՞նչ տեսք է այն ունենալու»:
-Դեռ չգիտեմ,- դժգոհ պատասխանեց շինողը,- կշինեմ, վերջում կերևա։
Ցավոք, շատերի կյանքն այսպիսին է։ Աստված յուրաքանչյուրիս շինանյութ է մատակարարում՝ կյանք, հմտություններ, տաղանդներ և այլ միջոցներ։ Սակայն ողբերգությունն այն է, որ մենք չունենք որևէ նախագիծ։ Մենք մեր կյանքը շինում ենք ինչով պատահի, և արդյունքն այն է լինում, որ շատերը ունենում են տձև, անհասկանալի և փլուզման ենթակա մի կառույց։
Եթե շինարարության մեջ անթույլատրելի է շինել առանց վերջնական տեսքը պատկերացնելու, ապա ինչո՞ւ ենք մենք շինում մեր կյանքը նման անփութությամբ, ինչով պատահի՝ առանց պատկերացում կազմելու վերջնական արդյունքի մասին։ Մեզանից շատերը պատկերացում էլ չունեն, թե որտե՞ղ են հայտնվելու 5, 10 տարի հետո, թե ինչպիսի՞ տեսք է ունենալու իրենց կյանքը, շինած կառույցը տարիներ անց։ Եվ սա ողբերգություն է։ Աստված մատակարարում է մեր կյանքի շինարարության համար անհրաժեշտ ամեն բան, մեզ մնում է Աստծուց իմաստություն խնդրել՝ ծրագրելու, նախագծելու և իրագործելու մեր կյանքը ոչ թե ըստ պատահականության և բախտի, այլ ըստ աստվածային նախագծի և նախախնամության։
Վազգեն Զոհրաբյան