Տիրոջը սիրելու պատճառները շատ են: Նա գալիս է մեզ մոտ՝ լայն բացված ձեռքերով՝ Իր վրա վերցնելով մեր բոլոր մեղքերը և բեռները: Նա մեզ առաջարկում է կյանք մահվան փոխարեն և ազատություն մեր ստրկությունից: Նա ծրագրեր ունի մեր բարգավաճման և ապագայի համար: Ինչու՞ չպետք է սիրենք Նրան:

Դժբախտաբար, շատ քրիստոնյաներ հավատում և սիրում են Աստծուն, բայց չեն ապրում Նրա համար:

Աստվածաշունչն ասում է, որ Աստծո հետ մեր փոխհարաբերությունները պետք է հասունանան ժամանակին համընթաց, և որ մենք «աճենք Նրանում ամեն բանով» (Եփեսացիներ 4.15)։

Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք աճեցնել Աստծո հետ մեր փոխհարաբերությունը՝ զարգացնելով անձնատուր լինելու, հավատքի և հնազանդության հոգին:

Ապրել՝ անձնատուր լինելով

Ըստ Ուեբսթերսի բառարանի՝ «անձնատուր լինել» նշանակում է «զիջել (ինչ-որ բան) ուրիշի տիրապետությանը կամ իշխանությանը»: Մեր անկախ հասարակության մեջ սա ավելի շատ թուլության սահմանում է, բայց Աստծո Թագավորությունում՝ զորության աղբյուր:

Մտաբերեք, երբ առաջին անգամ հավատացիք Հիսուսին: Դուք ընդունեցիք ձեր մեղքերը և դրանք փոխանակեցիք Աստծո արդարությամբ: Դուք հանձնվեցիք Աստծուն` փոխարկելով «հին ես»-ը «նոր ես»-ով:

Դա ձեր հոգևոր կյանքի սկիզբն էր: Ի՞նչ կասեք ձեր առօրյա կյանքի մասին:

Աշխարհը առանձնացնում է հոգևորն առօրյայից: Այնուամենայնիվ, երբ մեր կյանքը բաժանում ենք երկու մասի, մեր սրտերն ևս բաժանվում են:

Դուք ծառայում եք Աստծուն «կես սրտով», եթե.

1.      Դուք Աստծուն եք տալիս միայն կիրակի առավոտը և «ապրում ձեր կյանք»-ը շաբաթվա մնացյալ օրերին:

2.      Դուք ջանում եք հնազանդվել Աստծո կոչին, որը վերաբերում է ձեր հոգևոր կյանքին` միաժամանակ փորձելով պահպանել վերահսկողություն առօրյա որոշումների վրա:

3.      Դուք պատրաստ եք ապրել Տիրոջ համար այնքան ժամանակ, քանի դեռ Նա չի խանգարում ձեր ծրագրերին:

Որպեսզի ավելի մոտենանք Տիրոջը, մենք պետք է ծառայենք Նրան ամբողջ սրտով: Հենց դրա համար մենք հավատքի կարիք ունենք:

«Կույր» հավատք

Միշտ չէ, որ մեզ հայտնի է, թե ինչ է ծրագրավորում Աստված: Պատճառն այն է, որ մենք կանչված ենք «քայլելու հավատքով, այլ ոչ թե երևույթով» (2 Կորնթացիս 5.7): Յուրաքանչյուր քայլին մենք պետք է վստահ լինենք, որ Աստված սիրում է մեզ և ցանկանում է լավագույնը մեզ համար:

Դրա հիանալի օրինակ է Առակաց 31.15-ը. «Նա դեռ գիշերն է վեր կենում եւ իր տան կերակուրը տալիս, եւ իր աղախիններին՝ բաժինը»: Ամենատպավորիչն այս հատվածում, հոգևոր երևակայությունն է. նա վեր կացավ, երբ դեռ մութ էր եւ չգիտեր, թե ինչ է Աստված պատրասել իր ապագայի համար:

Քրիստոնյաների համար խորթ չէ «մթության մեջ» լինելու զգացողությունը, քանի որ նրանք սպասում են Տիրոջը: Գուցե դուք հիմա սպասում եք, որ Աստված ձեզ առաջնորդություն կամ ուղղություն տա, կամ նոր հնարավորությունների դռներ բացի: Եթե այդպես է, ապա քաջալերվե՛ք: Երբ ձեր հավատքն ամրապնդվի, դուք ավելի կմոտենաք Տիրոջը:

Հնազանդություն գործողության մեջ

Հիսուսն ասաց, որ բավարար չէ քրիստոնյա կոչվել կամ Նրա անունով բարիք գործել: Մենք պետք է հնազանդվենք նաև Նրա Խոսքին և Նրա առաջնորդությանը՝ մեր կյանքի համար (Տե՛ս Մատթեւոս 7.21-27)։

Դուք կարող եք հնազանդվել Աստծուն, անգամ եթե սպասում եք Նրա առաջնորդությանը, ուղղորդմանը կամ նոր հնարավորության:

1. Օգտագործե՛ք ժամանակը ձեր համբերությունն ու համառությունը զարգացնելու համար: Իրականում հենց դա կարող է լինել պատճառ, որ Տերը ձեզ սպասեցնում է:

2. Դիմադրե՛ք զայրանալու կամ ընկճվելու ներքին հորդորին: Թշնամին կօգտվի իրավիճակից` վախ, հպարտություն կամ անհանգստություն բերելու համար: Մի՛ տվեք նրան որևէ լծակ:

3. Խուսափե՛ք Աստծուց առաջ ընկնելուց: Մի՛ շարժվեք առաջ որևէ նոր գործունեությամբ, քանի դեռ չունեք Նրա առաջնորդությունը կամ օրհնությունը:

4. Մի՛ անտեսեք ձեր ամենօրյա գործերը: «Առակաց 31»-ում հիշատակվող կնոջ նման, վստահորեն հոգ տարեք ձեր, ձեր ընտանիքի և ձեր շրջապատի կարիքը ունեցող մարդկանց մասին:

Երբ Տերը ձեզ տա այն պատասխանը կամ անհրաժեշտ հնարավորությունը, որին դուք սպասում եք, ապա ժամանակն է գործելու:

1. Եթե Աստված ձեզ տալիս է հարցի պատասխանը, գրի առե՛ք այն: Երբեմն Աստված տալիս է մեզ ամբողջական պատկերը, իսկ երբեմն էլ՝ հանելուկի մի փոքր հատվածը: Ամեն դեպքում, գնահատե՛ք այն փաստը, որ Աստված իր սիրտը կիսում է ձեզ հետ:

2. Եթե Աստված ասում է «գնա», ուրեմն գնացե՛ք այնտեղ, որտեղ Նա ուղարկում է ձեզ և արե՛ք այն, ինչ Նա ուզում է: Մի՛ ուշացրեք կամ մի՛ վատնեք ձեր հնարավորությունը:

3. Եթե Աստծո պատասխանը «ոչ» է, ապա գոհացե՛ք: Մնացե՛ք ձեր տեղում, մերժե՛ք մնացյալ առաջարկները, աղոթե՛ք այլընտրանքային ծրագրի համար և այլն: Ինչ էլ որ լինի, հարգե՛ք Աստծո որոշումը և վստահ եղե՛ք, որ Նա ամենալավն ունի պատրաստած ձեզ համար:

Ձգտե՛ք հասուն, մտերմիկ փոխհարաբերություններ ստեղծել Տիրոջ հետ: Սկսե՛ք զարգացնել անձնատուր լինելու, հավատքի և հնազանդության հոգի հե՛նց այսօր:

Հեղինակ՝ Էշլի Ջոնս
Աղբյուրը՝ cbn.com

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.