Հոգևոր աճին նպաստող 5 քաջալերական խոսք
1. «Երանի նրանց, որ արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթեոս 5.6):
Նրանք, ովքեր քաղցած ու ծարավ են Աստծո արդարության, կստանան Աստծո օրհնությունը և կհագենան: Աստված ասում է, որ եթե մենք իմաստության պակաս ունենք ու խնդրենք, Նա կտա մեզ (Հակ. 1.5): Հարցն այն է, որ մենք պետք է խորը քաղց ու ծարավ ուենանք դեպի Աստծո արդարությունը, և Նա կտա մեզ, ու մենք կհագենանք: Արդյո՞ք մենք ունենք այդ խորը փափագը Նրան ավելի լավ ճանաչելու, ինչպես մի եղջերու, որ ծարաված փափագում է ջրի վտակին (Սաղմոս 49.1):
2. «Այլ աճեցեք շնորհով և մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գիտությամբ: Նրան փառք այժմ և հավիտյան: Ամեն» (Բ Պետրոս 3.18):
Առանց Աստծո Խոսքի ամենօրյա հացի ոչ ոք չի կարող հոգևոր աճ ունենալ, բայց Պետրոսը մեզ այս խոսքում մի հրաման-պատվեր է տալիս, որ աճենք Աստծո շնորհով ու գիտությամբ: Եթե միայն մեզ դնենք հոգևոր ինքնաշարժի վրա և ապա ափից վերջնագիծ հասնենք, չենք ունենա փրկություն: Պողոսն ասեց. «Դեպի նպատակակետն եմ վազում`Հիսուս Քրիստոսով Աստծո բարձր կոչման մրցանակի համար» (Փիլիպ. 3.14), այսինքն՝ այն հատուկ ջանք է պահանջում: Այն գալիս է հունարեն «diōkō» բառից, որը նշանակում է արագ վազել կամ վազել (Նրա) ետևից: Այսպիսով՝ շնորհով ու գիտությամբ աճելը քեզանից պահանջում է ջանասիրություն: Այն տրվում է ջանասիրաբար աշխատելու արդյունքում:
3. «Ջանա քո անձն ընտիր ներկայացնել Աստծո առջև` որպես մի մշակ,որ ամաչելու պատճառ չունի`ճշմարտության խոսքը ուղիղ բացատրելով» (Բ Տիմոթեոս 2.15):
Պողոսը ոչ թե առաջարկում, այլ պատվիրում է Տիմոթեոսին իր լավագույնն անել Աստծո համար՝ որպես մի մշակ, ով չի ամաչում ուղիղ և պարզեցված ներկայացնել ճշմարիտ Խոսքը կամ Գրքերը: Գրքերն ուսումնասիրելու համար պետք է ջանասիրաբար աշխատել և Աստծո հավանությանն արժանանալ: Աստված դեմ է ծուլությանը (Հռոմեացիս 12.11, Առակաց 6.6, 13.4) և հավանության է արժանացնում նրանց, ովքեր ջանք են դնում Գրքերն ուսումնասիրելու մեջ:
4. «Այս պատճառով մենք էլ, այն օրվանից, երբ լսեցինք այդ, չենք դադարում ձեզ համար աղոթելուց, որ լցվեք Նրա կամքի գիտությամբ` ամենայն իմաստությամբ և հոգևոր հասկացողությամբ: Որ դուք Տիրոջ առջև արժանի կերպով քայլեք, ամեն ինչում Նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերի մեջ պտղաբեր լինելով և աճելով Աստծո գիտությամբ» (Կողոսացիս 1.9-10):
Մեկ անգամ ևս տեսնում ենք, թե որքան կարևոր է լցվել Աստծո կամքի գիտությամբ ու պտղաբեր լինել բարի գործերով, որն իր մեջ ներառում է Աստծո գիտության մեջ աճելը, քանզի Աստծո Խոսքը ուսումնասիրելով ենք իմանում, թե որն է Նրա կամքը: Յուրաքանչյուր բարի գործի պտուղը ցույց է տալիս, որ դուք պտուղ եք տալիս Աստծո Խոսքին հետևելով (Հովհաննես 15.1-8): Ավելի պտղաբեր դառնալու համար մենք պետք է ամեն օր ավելացնենք մեր գիտելիքներն Աստծո մասին և հնազանդվենք Նրա Խոսքին:
5. «Այլ սիրով ճշմարտությունը խոսելով, ամեն բանում աճեք Նրա մեջ, որ գլուխն է, այսինքն` Քրիստոսի, Ումից բոլոր մարմինը, հոդերի միջոցով միացված և միահյուսված, յուրաքանչյուր մասի ներգործուն աշխատանքի չափով, աճում է և կառուցվում սիրո մեջ» (Եփեսացիս 4.15-16):
Պողոսը Եփեսոսի եկեղեցուն ասում էր, որ ամեն բանում աճեն Քրիստոսի մեջ: Եկեղեցու անդամների անհատական աճով է մարմինն աճում և կառուցվում սիրո մեջ: Եթե ինչ-որ մեկը չի աճում, եկեղեցին չի աճում սիրո մեջ:
Մենք կարիք ունենք ամեն օր աճելու Աստծո գիտության մեջ: Հոգևոր աճը պայմանավորված է ամենօրյա Սուրբ Գրքի ընթերցանությամբ, աղոթքով և մեկս մյուսից սովորելով: Մենք ավելի ենք աճում միասնության մեջ, իսկ միայնության մեջ ոչ ոք չի աճում: Ահա, թե ինչու հոգևոր պտուղ բերելու և հոգևորապես հասունանալու համար մենք միմյանց կարիքն ունենք: Սա մի բան է, որի կարիքը ամեն օր ունի յուրաքանչյուր հավատացյալ:
Հեղինակ՝ Ջեք Վելմեն
Աղբյուրը`https://faithinthenews.com/
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը