Հիսուսը հաղթել է․ Քայնե Ուեսթը պատմել է, թե ինչպես է սկսել հավատալ Աստծուն
Վերջին մեկ տարում համաշխարհային շոուբիզնեսում իրական խառնաշփոթ առաջացրեց այն, որ հայտնի ռեփեր Քայնե Ուեսթը խոսեց իր՝ քրիստոնյա դառնալու և այսուհետ Աստծուն ծառայելու մասին: Ոմանք հավատացին, ոմանք ընդունեցին կատարվածը որպես PR քայլ, բայց փաստն այն է, որ արդեն տևական ժամանակ երաժիշտը, իսկապես, ծառայում է Աստծուն ու ամենուր պատմում Նրա մասին:
«Ես գիտեմ, որ Աստված երկար ժամանակ կանչել է ինձ, իսկ սատանան՝ երկար ժամանակ շեղել: Երբ ես իմ կյանքի ամենահատակում էի, Աստված այնտեղ ինձ հետ էր, Նա ոգեշնչում և տեսիլքներ էր տալիս ինձ», - ասաց Ուեսթը:
«Սատանան կգա և կանի ամեն հնարավոր բան՝ խանգարելու մարդկանց Տիրոջը ծառայել: Այն ամբարտավանը՝ հանձինս ինձ, որ ներկայանում էր նախկինում, այժմ օգտագործվում է Աստծո համար»:
Քանյեն ցնցել էր ողջ շոու աշխարհը՝ բացահայտորեն տարածելով իր արմատական դարձը դեպի քրիստոնեություն և օգնելով հազարավոր մարդկանց գալ դեպի Քրիստոս:
Նա հոսպիտալացվել էր 2016-ին՝ հոգեկան խանգարման պատճառով։ Այժմ ակնածանքով է հիշում ապաքինման ընթացքում իր՝ եկեղեցի նկարելը:
«Հիշում եմ, որ ԼԱՊՀ-ի հիվանդանոցում նստած էի, և ինձ մոտ կային փաստաթղթեր, որոնց վրա նկարում էի եկեղեցի և ծրագիր մշակում եկեղեցի սկսելու համար: Անգամ դրանից հետո, ես պատրաստեցի «Պաբլոյի կյանքը» ալբոմը: Ես ասացի. «Սա ավետարանչական ալբոմ է», երբ ես բացարձակ գաղափար չունեի՝ ինչպես պատրաստել ավետարանչական ալբոմ: Իմ շրջապատում գտնվող քրիստոնյաները հնազանդվում էին հասարակությանը՝ չխոսելու և չքարոզելու ավետարանը ինձ, քանի որ ես մեգաաստղ էի: Բայց միակ գերաստղը Հիսուսն է»:
«Ամեն անգամ գետնին կանգնելիս՝ գիծ եմ գծում և ասում, որ ես այստեղ եմ Աստծուն ծառայելու համար»:
Ուեսթը ասաց, որ նախկինում երկրպագել է փառքի աստծուն, քանի որ շոու բիզնեսը խրախուսում է այդ մտածելակերպը:
«Մտածելակերպն այն մասին, որ սատանան նույնքան զորավոր է, որքան Աստված, բացարձակ ճիշտ չէ: Այդ չափանիշներն ամբողջապես փոխվել են ինձ համար: Հիսուսը կատարյալ հաղթանակ տարավ իմ կյանքում, քանի որ Աստծո կողմանե արարված ամենամեծ Արտիստը գործում է ինձ համար:
Երեխա ժամանակ Ուեսթը, ծնողների հետ շաբաթական մի քանի անգամ, հաճախել է եկեղեցի:
«Հայրիկս, շաբաթական երեք անգամ, ինձ տանում էր եկեղեցի: Մայրս՝ շաբաթական երկու անգամ: Այժմ, երբ արդեն ինքս էլ ընտանիք ունեմ, ինձ համար պատասխանատվություն է լինել մայրիկիս և հայրիկիս նման»:
Նա խոսեց նաեւ իր վերջին ալբոմի և «God Is» երգի մասին, որն առնչվում է մարդկանց կախվածություններին:
«Այդ կախվածությունները մեր մեջ են, նույնիսկ, այն ժամանակ, երբ մենք փրկված ենք և ամբողջությամբ հանձնված Տիրոջը: Մենք բոլորս մահկանացուներ ենք և փառքից ընկած: Քրիստոնյաները չեն կարող լինել Քրիստոս. մենք հետևում ենք Քրիստոսին և ձգտում ենք լինել Քրիստոսի նման, ինչից անմասն չի կարող լինել մեր՝ մեղքերից անընդհատ ապաշխարումը: Մարդիկ, ովքեր չեն ընդունում Աստվածաշունչը, չեն էլ ցանկանում ընդունել, որ իրենք սխալ են»,- ասաց նա:
Ուեսթը խոսել է նաև Սուրբ Գիրք կարդալու և դրան հետևելու կարևորության մասին, ինչն էլ հենց առաջնորդում է փրկության:
«Աստվածաշունչը կարող է ազատել մեզ բոլորիս: Հիսուսը կարող է ձեզ ազատել: Որքան մեր ամբողջ երկիրը հետևի Քրիստոսին և դրանով օրինակ լինի, այնքան ավելի մենք կհամարվենք քրիստոնյա երկիր»,- ասաց նա:
Նա ավելացրեց, որ Աստված ոչ ոքի դեմ չէ, և որ Նա ավելին է, քան պարզապես մեր Հայրը:
«Վերականգնեք Աստծո հանդեպ վախն ու սերը, և դրանով իսկ, վերացնենք մնացած բաների նկատմամբ վախը: Աստված թշնամի չէ մեզ: Աստված սեր է, Ամենամեծը՝ թե՛ փառքից, թե՛ ընտանիքից, թե՛ բարեկամից եւ թե՛ բարեկեցությունից: Ձեր աչքը թող մշտապես ուղղված լինի Աստծո գեղեցկության, սիրո և շնորհքի վրա: Այն շնորհքի, որը թույլ է տալիս մեզ այսօր լինել այստեղ՝ մեր բոլոր մեղքերով հանդերձ: Մենք վստահ ենք, որ Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Տեր և Փրկիչ ընդունելով, մեզ հավերժական կյանք է տրվում»:
Ուեսթը ավարտել է իր խոսքն աղոթքով և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն:
«Քրիստոս Աստված, Հայր Աստված, շնորհակալություն այս պահի համար: Շնորհակալ եմ օծյալ խոսքերի և այն առաքելության համար, որն իրականացնում է Ջոելը: Հարյուրավոր մարդիկ հազարից, գալիս են Քրիստոսին Ջոելի միջոցով։ Նա շատերին ուղղորդում է այն առաջին քայլին, որ տանում է Հիսուսին եւ Նրա մեծ սերը ճանաչելուն: Շնորհակալ եմ Քեզանից, Տե՛ր, եկեղեցում ինձ աճեցնելու համար:
«Շնորհակալ եմ այն հնարավորության համար, որ ինձ տվեցիր. այսքան ընդարձակ ծառայության հարթակ, որ ոչ ոք չի կարող փորձել խլել անգամ, քանզի ես ամեն բան հանձնել եմ Քեզ: Շնորհակալ եմ, այս բեմում առանց քննադատության կանգնելու հնարավորության համար։ Շնորհակալ եմ, որ այժմ կանգնած եմ քրիստոնեական համայնքի՝ ամենաուժեղ ձայներից մեկի կողքին: Շնորհակալ եմ, որ իմ ընտանիքն՝ Ուեսթներն, այսօր այստեղ են:
Շատ շնորհակալ եմ, Տե՛ր, այս հնարավորության համար: Հիսուսի անունով աղոթեցինք, ամեն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ռեփերը թողարկել էր «Հիսուսը թագավոր է» ավետարանական ալբոմը, իսկ նոյեմբերի 15-ին արտիստը նաև ելույթ էր ունեցել Տեխաս և Հյուսթոն նահանգների բանտերում՝ վկայելով Հիսուսի մասին։
Պատրաստեցին Քրիստինե Աթոյանը, Անի Նիկողոսյանը