Հիսուսը՝ ամենալավ պատմիչը. Ռավի Զախարիաս
Իր առակներից մինչ զրույցները Հիսուսը փորձում էր մեղմորեն բացել ունկնդրի սիրտը: Նա գիտեր, թե ինչպես կարելի է ճշգրիտ ձևով ցույց տալ իրական սովը յուրաքանչյուրի կյանքում: Հիսուսի ուղերձը ուղղված էր ողջ աշխարհին, բայց նրա գործելաոճը հստակ արևելյան էր:
Երբ մենք նայում ենք Հիսուսի ուղերձներին, պետք է հաշվի առնենք նաև Նրա գործելաոճը, որն Ավետարանի պատմության մի մասն է կազմում: Նա կոչ էր անում բանականությանը, մարգարեություններին և վկայություններին: Բայց նրա գործելաոճի հիմքում ընկած էր այն, թե ինչպես էր Նա պատմում պատմությունները:
Աշխարհով մեկ ճանապարհորդելիս ես երբեմն մեկից ավելի անգամ եմ խոսում նույն լսարանի առջև: Անպայմանորեն մարդիկ շեշտում են, որ նրանք պարզ հիշում են իմ պատմությունները: Այդ ամենը հաստատում են փաստարկները:
Բայց Հիսուսի դեպքում ամեն բան այլ է. Նա գիտի իմ պատմությունը, և Նա ճանաչում է ինձ:
Աֆրոամերիկացի աստվածաբան Լիզա Ֆիլդսը ասում է, որ քրիստոնյաները պետք է հավատքի վերաբերյալ իրենց փաստարկները մշակեն՝ հաշվի առնելով իրենց ունկնդիրների բազմազան պատմությունները: Ֆիլդսը վստահ է, որ իր ծառայությունը լրացնում է այդ բացը: «Ես հասկացա, որ աստվածաբանության գրքերի մեծ մասը գրված է սպիտակամորթ տղամարդկանց կողմից», - ասաց նա Christianity Today-ին: Ես մտածեցի.«Այս նյութերի մեծ մասը չի կարող հավանության արժանանալ եկեղեցու շատ սևամորթների կողմից, քանի որ նկարագրությունները տեղին չեն, և որոշ հարցեր այնքան էլ արդիական չեն: Անհրաժեշտ է կապող կամուրջ ունենալ»:
Այդ հարցազրույցը հանկարծ ինձ համար լույս վառեց: Աֆրոամերիկյան պատմությունը մի պատմություն է, որը բացահայտել է աֆրոամերիկացիների փաստարկներն ու հարցերը, այլ ոչ թե հակառակը: Այդ պատճառով ես վստահ եմ, որ տիպիկ աստվածաբանական նյութը չի կարող դուր գալ վիրավոր կամ ճնշված մշակույթների մաս կազմած շատ մարդկանց:
Ենթադրենք՝ ես պատրաստվում էի ճաշ պատրաստել և գովազդել այն՝ որպես «լավագույն կերակուրը, որը դուք երբևէ համտեսել եք»: Եթե ես այնուհետև ներկայացնեմ աղանդերը և նորից գովազդեմ՝ որպես «երբևէ համտեսած լավագույն կերակուր», ապա նրբանկատ սպառողը կհասկանա, որ ես դիմում եմ էժանագին միջոցների, որպեսզի նա գնի իմ ապրանքը: Ցավոք, քրիստոնեական ուղերձները հաճախ հենց այդպես էլ ներկայացվում են, և ինչո՞ւ է արևելքցին իրեն տեսնում՝ որպես արևմտյան արտադրանքի գնորդ: Մենք ավելացնում ենք բողոքարկումների բազում շերտեր, և թերահավատները կարող են տեսնել այդ ամենը: Միևնույն ժամանակ մենք անտեսում ենք մարդկանց անձնական խնդիրները և իրական կարիքները:
Նրանց պատմությունները պետք է հասկանալ՝ նրանց չվերաբերվելով որպես քիչ նշանակություն ունեցող մեկի՝ ուղղակի ասելով «ընդունի՛ր Հիսուսին և քո բոլոր դժվարությունները կվերանան, և դու իսկապես երջանիկ կլինես»: Նրանք լսում են քրիստոնյայի տրամաբանությունը և փնթփնթում. «Դուք ունեք հիանալի ուղերձ, բայց սխալ լսարան: Դուք ինձ չեք հասկանում»:
Քրիստոնյանե՛ր, մենք չպետք է պարզապես ուղերձով կիսվենք. կա մեկ այլ պատմություն, որը մենք նախ պետք է հասկանանք: Եթե մենք դա չանենք, այդ մարդը երբեք չի կարողանա ընկալել Աստծո պատմության գեղեցկությունը:
Այնուամենայնիվ, Հիսուսը պատմություններ պատմող վարպետն էր, ով ընկալում է իմ պատմությունը և քո պատմությունը շատ ավելի լավ, քան՝ ես: Նա մտնում է իմ աշխարհ՝ հասկանալով իմ խնդիրները: Հիշե՛ք Ավետարանի բազմաթիվ օրինակներից մեկը՝ սամարացի կինը ջրհորի մոտ՝ գրված Հովհ. 4 գլխում: Նա ապշեց, երբ Հիսուսը պատմեց ամենն իր մասին: Նա պարզապես եկել էր ջուր տանելու: Նրանց զրույցի սկիզբն այնքան էթնիկ և կրոնական ուրվագծեր ուներ՝ ուղղորդելով ողջ ընթացքը դեպի կնոջ մեծագույն կարիքին: Կինը խոսում էր ավելի լայն հարցերի մասին, բայց Հիսուսը խոսակցությունը սևեռեց առանձնահատուկի՝ կնոջ հատուկ կարիքի և այն նեղ ցավի վրա, որով նա ապրում էր:
Կինն ասաց. «Դու որ Հրէայ ես, ի՞նչպէս ես ինձանից ջուր ուզում խմել, որ մի Սամարացի կին եմ» (Հովհաննես 4.9): Փաստորեն, նա ասում էր. «Դուք բարձրաստիճան դասից եք. ի՞նչ գիտեք իմ կարիքի մասին»: Հիսուսը ապշեցրեց նրան՝ խոսելով նրա կյանքի և չբացահայտված գաղտնիքի մասին: Նրա գործնական և անձնական հարցերը, թե որտեղ պետք է երկրպագեն և ինչ դույլով է պատրաստվում ջուր քաշել, անհետացան իրականության մեջ Հիսուսի պատմածից: Խնդիրն այն չէր, որ Հիսուսը դույլ չուներ. կինը հասկացավ, որ դա նրա փշրված կյանքի զրկանքն էր: Եթե Հիսուսը կարողանար բացահայտել նրա խնդիրը, հնարավոր էր Նա նույնիսկ բուժեր այն:
Այնպես որ հաճախ մենք ապրում ենք դիմակի հետևում ՝ վախենալով բացահայտել մեր բացարձակ անարժանությունը: Մեր ամենամեծ ցնցումը՝ Աստծո հետ առերեսվելն է ու հայտնաբերելը, որ Նա գալիս է, ոչ թե պարզապես մեզ ներում առաջարկելու, այլ որ Նա իրապես գիտի, թե ով ենք մենք իրականում և դեռ ներում է շնորհում մեզ: Նա գիտի մեր մեղքը, և միայն Նա ունի միջոցներ այն ծածկելու համար: Հենց սա է շնորհի պատմությունը, որը մեր հասկացողությունից վեր է:
Սամարացի կինը թողնում է ջրի սափորը, վերադառնում է իր քաղաք և ասում. «Եկէք տեսէք մի մարդ, որ ինձ ասեց բոլորը ինչ որ գործել եմ. Արդեօք նա՞ է Քրիստոսը» (Հովհ. 4.29): Նաթանայելի փորձառությունը Հիսուսի հետ նույն բնույթի էր, ինչ Պետրոսինը և Պողոսինը. Հիսուս Քրիստոսը գիտեր նրանց անհատական պատմությունները:
Հիսուսի հետ զրույցի յուրաքանչյուր մասնակից՝ լիներ դա Նիկոդեմոսը, օրենքի ուսուցիչ, թե ջրհորի կինը, կրում էին իրենց սեփական հավատալիքների ծանրաբեռնվածությունը և վերքերը սեփական խնդիրներից: Ինձ համար հենց դա է այդքան արդիական դարձնում Աստվածաշունչը:
Ավետարանը պատմություն է: Դա իրական պատմություն է: Դա աշխարհի համար է: Այն առաջարկ է. բազմաթիվ հեղինակներ պատմում են նույն պատմությունը ժամանակի տարբեր միջակայքերում: Այն հարաբերական է, համընդհանուր է և առանձնահատուկ: Այն մատնանշում է իմ ծագումնաբանությունը և ցույց տալիս իմ վերջնական նպատակը: Այն ինձ սովորեցնում է հարգել իմ արմատները և հարգել նրանց, ովքեր գնահատում են իրենց ազգային պատկանելիությունը: Մեր արարումն ընտրություն չէ: Դրանք մեր կյանքի համար Աստծո ծրագրի մի մասն են, որտեղից սկսվում է մեր յուրաքանչյուրի ճանապարհորդությունը:
Որքան շնորհակալ եմ, որ Հիսուսը ամենալավ պատմիչն է, ով ավելի լավ է ընկալում մեր պատմությունները, քան՝ մենք: Նա մտնում է մեր ներաշխարհ և հասկանում է մեր խնդիրները: Նա գիտի իմ պատմությունը և գիտի ինձ:
Աղբյուրը՝ christiantoday.com
Թարգմանեց Անի Նիկողոսյանը