Ի՞նչ եք նախընտրում հիշել մարդկանց հետ ձեր անցկացրած ժամանակից: Հիշում եք լա՞վ փորձառությունը, թե՞ վատը:

Պողոս առաքյալը նախընտրեց հիշել լավը, կենտրոնանալ դրականի վրա և շնորհակալ լինել: Նա ասաց Փիլիպպեի քրիստոնյաներին. «Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» (Փիլիպպեցիս 4.8):

Պողոսն անհոգ ժամանակներ չէ, որ անցկացրել էր Փիլիպպեյում: Գործք 16-ը մեզ ասում է, որ երբ Պողոսը գնաց Փիլիպպե, նրան ապօրինի ձերբակալեցին, մտրակեցին, նվաստացրեցին և բանտ նետեցին, մինչև վերջապես խնդրեցին լքել քաղաքը: Այնուամենայնիվ, նա շնորհակալություն հայտնեց Աստծուն փիլիպպեցիների հետ իր անցկացրած ժամանակի համար:

Պողոսը կարող էր խոսել բացասականի մասին: Նա կարող էր վերհիշել ցավոտ հիշողությունները: Բայց նա նախընտրեց չկենտրոնանալ ցավալի հիշողությունների վրա: Փոխարենը՝ նա հիշեց այն ամենը, որոնց համար կարող էր գոհունակ լինել:

Դուք կարող եք նման որոշում կայացնել նաև ձեր կյանքի մարդկանց համար:

Բավականաչափ երկար մտերմիկ հարաբերությունները միևնույն անձի հետ շատ հնարավոր է՝ հանգեցնեն միմյանց վնասելուն: Միգուցե նախկինում ձեզ վիրավորել է ծնողի հակիրճ պատասխանը կամ ընկերների չմտածված խոսքը: Դուք դեռ պահո՞ւմ եք այդ վիրավորանքը: Արդյո՞ք դա ձեզ խանգարում է այսօր վայելել այդ մարդուն՝ ձեր կյանքում: Եթե այո՛, ապա դուք կենտրոնանում եք բացասականի վրա:

Ես բնավ նկատի չունեմ, որ դուք պետք է մերժեք ձեր ցավերը կամ արդարացնեք այլոց թույլ կողմերը: Դա հոգեբանորեն անառողջ քայլ կլինի: Բայց առողջ հարաբերություններ ունենալու համար դուք պետք է կենտրոնանաք լավի վրա: Դուք կարող եք ընտրել դիմացինի ուժեղ կողմերը հիշելու սովորությունը:

Ես լսում եմ կանանց, որ ասում են. «Նա լավ մարդ է, բայց...»(Եվ ես լսում եմ, որ ամուսինները նույնն են ասում իրենց կանանց մասին): Ցանկացած ժամանակ, երբ լսում եք այդ չարաբաստիկ «բայց»–ը, դա նշանակում է, որ շեշտը դրվում է բացասականի վրա, ոչ թե դրականի: Բայց փաստն այն է, որ պարոն և տիկին կատարյալներ գոյություն չունեն:

Ձեր հարաբերություններում ընտրություն կատարեք վայելել այն, ինչ ունեք: Եվ ինչ-որ մեկին վայելելու համար պետք է կենտրոնանալ նրա ուժեղ կողմերի, այլ ոչ թե թույլ կողմերի վրա: Յուրաքանչյուրի մեջ կարող եք ինչ–որ մի լավ բան գտնել:

Եվ երբ մտածում եք ձեր անցյալի մասին, հիշե՛ք, որ հաճելի հիշողությունները ընտրություն են: Հետևե՛ք Պողոս առաքյալի օրինակին և ընտրե՛ք հիշել այն, ինչի համար կարող եք շնորհակալ լինել:

Ե՛վ ձեր անցյալում, և՛ ձեր ներկայում ընտրե՛ք՝ մարդկանց մեջ եղած լավի համար երախտապարտ լինելու սովորությունը: Ընտրե՛ք լավագույնը հիշելու և մնացյալը մոռանալու օրհնյալ տարբերակը:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝  pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.