Հենվել Նրա զորավոր բազուկներին
Նրա հավիտենական բազուկները քեզ պաշտպան են: Բ.Օրինաց 33.27
Այս խոսքերը Աստվածաշնչի ամենաքաղցր խոսքերից մեկն են: Նրա հավիտենական բազուկները քեզ կբարձրացնեն, քեզ պաշտպան են: Մենք շատ անգամ կքված ենք վշտերի բեռան տակ, անակընկալ հուսահատությունները կարող են մի ժամից մյուսը մեզ նետել բարձրություններից ամենախորունկ անդունդները: Հանկարծ կորցնում ենք այն հենարանները, որոնց հենված էինք, նրա համար, որ մեր Աստվածը ուզում է, որ մենք սովորենք «հենվել հավիտենական բազուկներին»: Չէ՞ որ մենք մեզ բազուկ էինք արել մարմնին եւ ապավինում էինք մարդկային միջոցներին:
Խորունկ վշտի մեջ կա մի բան, որ մեր մեջ արթնացնում է մանկական պարզ մի զգացում: Մտքով հսկա մեծ գիտնականը դառնում է մի մանուկ, երբ մեծ վիշտը հարվածում է նրան, կամ գերեզմանը կուլ է տալիս իր մոտիկ հարազատին: Այդ ժամանակ նա իրենից ավելի մեծ մեկին է կարոտում:
Մեր ծանր վշտերի մեջ Աստծո նպատակն է մեզ իր հայրական թեւերի տակ վերցնել: Ի՜նչ մեծ զորություն եւ խաղաղություն ենք ստանում, երբ մենք մեզ զգում ենք նրանց մեջ: Այս հավիտենական բազուկները ոչ միայն բռնում են մեզ, այլեւ մեզ վերցնելով տանում են դեպի առաջ, մեր կյանքի ամբողջ ընթացքում:
Հավատալ, նշանակում է հենվել այս զորավոր բազուկներին: Իբրեւ փրկիչ Տեր Հիսուսի ամենամեծ գործը եղավ իջնել մարդկային անկման ամենախորը հատակը եւ Իր հայրական բազուկներով վերցնել մարդուն այդ տիղմոտ ճահճից:
Այո՛, հավատքը այդ հավիտենական հզոր բազուկների վրա հանգստանալ է եւ ուրիշ ոչինչ: Թ.Լ.Քայլըր
«Վտակներ անապատի մեջ» գրքից