«Հայր մեր»-ի մեկնությունը. սուրբ Գրիգոր Տաթևացի
Այն խօսքի մասին, որ ասում է.«Երբ աղօթէք, ասէք. Հայր մեր, որ երկնքում ես, թող սուրբ լինի Քո անունը...» (Մատթէոս 6.9):
Վարդապետներն ասում են, թէ այս աղօթքը շատ պատւական ու գովելի է՝ երեք պատճառով.
Նախ - Որովհետեւ Քրիստոսի կողմից է սահմանւած: Եւ եթէ այն աղօթքները, որ մարդիկ են սահմանել, պէտք է սովորել ու աղօթել, ապա որքա՜ն առաւել պէտք է սովորել այն աղօթքը, որ Աստւած իր բերանով ուսուցանեց:
Երկրորդ - Որովհետեւ կարճ է ու գեղեցիկ, եւ ոչ ոք չի կարող չսովորել՝ պատճառ բերելով երկարութիւնը:
Երրորդ - Որովհետեւ անհրաժեշտ է՝ բարեբեր, քանի որ այն ամէնը, ինչ պէտք է մեզ՝ թէ՛ հոգեւոր եւ թէ՛ մարմնաւոր, այս աղօթքով խնդրւած է լինում:
Իսկ խնդրւածն ընդունելի չի լինում երեք պատճառով.
Առաջին - Երբ լինում է առանց գովաբանութեան:
Երկրորդ - Երբ լինում է անկարգ:
Երրորդ - Երբ պատշաճից աւելի է լինում:
Դրա համար Քրիստոսը երեք բան սովորեցրեց մեզ.
Նախ - Որ խնդրելուց առաջ՝ քաղցրութեամբ ու գովաբանութեամբ փառաւորենք Աստծուն, ինչպէս նրանք, ովքեր, թագաւորներից ունեցւածք են խնդրում, նախ գովում ու փառաւորում են նրանց, որպէսզի քաղցրանայ նրանց սիրտը եւ ապա խնդրում են ինչ որ կամենում են:
Եւ ա՛յս է Աստծուն գովելն ու փառաւորելը, երբ ասում ենք՝ Հայր մեր, որ երկնքում ես:
Երկրորդ - Ուսուցանեց մեզ կարգով խնդրել խնդրելին: Այսինքն՝ նախ հոգեւորը եւ ապա՝ մարմնաւորը, որովհետեւ հոգին աւելի պատւական է, քան մարմինը, ինչպէս ասում է. «Թող սուրբ լինի Քո անունը, թող գայ Քո արքայութիւնը»:
Երրորդ - Մեզ ուսուցանեց պատշաճից աւելի չխնդրել՝ ասելով. «Մեր հանապազօրեայ հացը տուր», որովհետեւ միայն հաց խնդրելը աւելին չէ:
Իսկ այս գովաբանութիւնը եռակի է, այսինքն՝ իմաստութեան, գութի ու զօրութեան համար, որովհետեւ երբ ասում ենք Հա՛յր, ցոյց է տալիս իմաստութիւնը, որ հնագոյն է ու յաւիտենական՝ ըստ Դանիէլի, քանի որ ալեւորութիւնը իմաստութիւն է,- ասում է Սողոմոնը: Իսկ երբ ասում ենք մեր, ցոյց է տալիս Նրա գութը, որ շարժում ենք մեր հանդէպ:
Եւ ասելով երկնքում՝ Նրա զօրութիւնն ենք յայտնի դարձնում, քանզի ինչ էլ խնդրենք, Նա իմաստուն է, գիտի տալ, եւ քանի որ գթառատ է, կամենում է տալ, եւ քանի որ զօրաւոր է, կարող է տալ:
Դրա համար մեզ ուսուցանեց ասել՝ «Հայր մեր, որ երկնքում ես»: