Հիսուսը՝ Հայր Աստծո ճշմարիտ միածին Որդին, սկսում է դեպի Հորն ուղղված Իր աղոթքը բարեխոսությամբ՝ «Հա՛յր մեր...»: Նա կարծես միաբանում է Իր եղբայրներին՝ մարդկանց, Իր սուրբ աղոթքի մասը կազմելու: Այսպիսով՝ Նա կարծես ցույց է տալիս, թե ինչպես է հարազատի, Իր անձի պես ընդունում Իրենից հետո որդեգրված քույր-եղբայրներին և կարծես մեր անունից ևս բարձրացնում է այս գեղեցիկ աղոթքը:

Նա փոխարենը խնդրելու Իր ամենօրյա կարիքների համար, միաժամանակ խնդրում է հաց նաև նրանց համար, ովքեր Հոր որդիներն են: Իսկ հետո, թեև ոչ մի մեղք չէր գործել, կարծես օգտագործելով առիթը, ներում է խնդրում Հորից Իր հոգևոր ընտանիքի անդամների մեղքերի համար:

Ինչո՞ւ պետք է Հիսուսն այս աղոթքն աներ, եթե ոչ միայն մեզ օրինակ ծառայելու համար: Հիսուսը ցույց է տալիս Իր և մարկանց հավասարությունը, որ մենք էլ տեսնենք մեր և մյուս մարդկանց հավասարությունը և մեր անձի պես սիրենք բոլորին ու վստահ լինենք, որ թե՛ Հիսուսը, թե՛ Հայր Աստված սիրում է ամեն մարդու այնպես, ինչպես սիրում է մեզ՝ ինձ՝ անկախ ամեն ինչից: Հիսուսը, լինելով Աստված և Աստծո Որդի, բարձրացնում է բոլոր մարդկանց Իրեն հավասար աստիճանի և չի ամաչում դա դավանել, որ այսօր ես և դու ևս մեզ հավասար տեսնենք բոլոր մարդկանց թե՛ մեր աչքին և թե՛ Աստծո:

Հիսուսը նաև մեծագույն բարեխոսն է երկնքում՝ Աստծո աջ կողմում: Բայց ահա Նա երկրի վրա ևս ցանկանում է տեսնել բարեխոսներ, որոնք անկախ իրենց նյութական և հոգևոր կարիքների, ամեն օր պատրաստ կլինեն աղոթք բարձրացնել Աստծո ժողովրդի բարօրություն և ողորմածություն գտնելու համար: Եկե՛ք հիմա ևս մեկ անգամ բարձրացնենք այս աղոթքը, բայց այս անգամ արդեն մի փոքր այլ շեշտադրությամբ. «Ո՛վ Հայր մեր, որ երկնքում ես: Թո՛ղ Քո թագավորությունը գա, Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես երկրի վրա: Մեր ամենօրյա հացը տո՛ւր մեզ այսօր և ների՛ր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին: Եվ մեզ փորձության մի՛ տար, այլ ազատի՛ր չարից: Քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտեանս հավիտենից: Ամեն»:

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.