Հանդարտ մնացե'ք և տեսե'ք Տիրոջ փրկությունը. Չարլզ Սպերջեն
«Հանդարտ մնացե'ք և տեսե'ք Տիրոջ փրկությունը» (Ելից 14.13):
Այս խոսքերն Աստծո հրամանն են` ուղղված հավատացյալներին, ովքեր գտնվում եմ կյանքի դժվարին հանգամանքներում: Նրանք չեն կարող ո'չ նահանջել, ո'չ առաջ գնալ, փակ են նրանց ճանապարհները, ինչպես դեպի ձախ, այնպես էլ դեպի աջ: Ուրեմն` ի՞նչ է մնում նրանց անել:
Տերը նրանց ասում է. «Հանդա'րտ մնացեք»: Երանի նրանց, որ նման դեպքերում ականջ են դնում միայն Տիրոջ Խոսքին, քանի որ որոշ նենգ խորհրդատուներ նրանց առաջարկում են սեփական լուծումները: Հուսահատությունը շշնջում է. «Պառկե'ք և մահացե'ք: Թողե'ք ամեն ինչ»: Բայց Աստված ցանկանում է, որ մենք քաջալերվենք և նույնիսկ ամենաանտանելի պահերին ուրախանանք Իր սիրով ու հավատարմությամբ:
Թուլակամությունն ասում է.«Նահանջի'ր, վերադարձի'ր աշխարհային կենսակերպին: Քրիստոնյա լինելը քո բանը չէ, դա չափազանց դժվար է: Հրաժարվի'ր սկզբունքներիցդ»: Բայց որքան էլ որ սատանան համոզի քեզ, եթե դու Աստծո զավակ ես, դու չես սասանվի: Աստված պատվիրել է քեզ` աճել «զորությունից զորություն», իսկ դա նշանակում է` այդպես էլ լինելու է: Եվ ո'չ մահը, ո'չ դժոխքը քեզ չեն շեղի այդ ճանապարհից: Եթե հարկ լինի մի պահ կանգ առնել և անշարժանալ, ապա միայն նրա համար, որ նորոգվի քո ուժը` հետագա առաջընթացի համար:
Անհամբերությունն աղերսում է.«Դե~, մի բան արա', շարժվի'ր: Ժամանակի ինչպիսի~ կորուստ է. կանգնել և սպասել»: Անհրաժեշտ է, ինչպես մենք կարծում ենք, անմիջապես ինչ-որ բան անել, փոխարենը` մեր հայացքն ուղղելու Տիրոջը, Ով ոչ միայն ինչ-որ բան կանի, այլ կանի ամեն բան:
Ինքնապաստանությունը պարծենում է.«Եթե նույնիսկ քո առաջ ծով է, մտի'ր դրա մեջ, և հրաշք կկատարվի»: Սակայն հավատը չի լսում ո'չ ինքնապաստանությանը, ո'չ հուսահատությանը, ո'չ թուլակամությանը, ո'չ անհամբերությանը:
Փոխարենը` այն լսում է Աստծուն, Ով ասում է.«Հանդա'րտ մնացեք» և քարանալով այն կանգ է առնում, ինչպես ժայռը:
Կանգ առե'ք ազնիվ մարդու կեցվածքով, ով պատրաստ է գործելու, սպասում է հետագա կարգադրություններին, համբերատար կերպով սպասում է հրահանգի:
Եվս մի փոքր, և Աստված պարզորոշ ու հստակ կասի քեզ, ինչպես Մովսեսն ասաց Իսրայելի ժողովրդին.«Առա~ջ»:
Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը