Համար 1 աղոթքը, որ գործում է ամեն ժամանակ
Ես նախկինում շատ էի պայքարում աղոթքի` իմ կյանքում առաջընթաց ունենալու համար:
Կան ժամանակներ, երբ աղոթքը շատ հեշտությամբ է տրվում, և իմ սիրտը միաձուլված է լինում աստվածայինին:
Բայց իմ կյանքում եղել են նաև այնպիսի ժամանակներ, երբ իմ աղոթքի կյանքն ավելի նման էր հոգոցի կամ ուս թոթվելուն: Դա ասես մի մութ ժամանակ լիներ, իմ աղոթքը բառացիորեն ստիպում էր ինձ ձեռքերս դեպի վեր բարձրացնել՝ հուսախաբության, վախի ու կասկածանքի մեջ:
Բայց անկախ դրանից աղոթքն իմ կյանքի ու իմ ընտանիքի կյանքի հիմնական մասն է: Մենք աղոթում ենք ճաշից առաջ, մենք աղոթում ենք քնելուց առաջ: Կան շշունջով ասված աղոթքներ, թեթև ու ծանր աղոթքներ, գոհաբանության աղոթքներ ու ցավով լի աղոթքներ:
Մինչ մեր կյանքն առաջ է գնում, այդպես էլ երկնքի հետ մեր աղոթքներն են գնում առաջ:
Այսօր ցանկանում եմ գրել այն մասին, թե որն է աղոթքի նպատակը ինձ համար, ինչպես է այն գործում, ինչ է այն իրականացնում, և ինչու է մեզ երբեմն թվում, թե Աստված անգամ չի էլ լսում մեզ:
Այսօր ես իսկապես ցանկանում եմ կիսվել ձեզ հետ իմ բացահայտմամբ. կա աղոթք, որը, ես վստահ եմ, գործում է բոլոր ժամանակներում՝ 100 տոկոսով: Դա Գաբեսի աղոթքը չէ կամ մեկ այլ վերամբարձ աղոթք:
Ահա այդ աղոթքը.
«Աստվա՛ծ, խնդրում եմ՝ ցույց տուր ինձ, թե ինչպես կարող եմ այսօր ներդրում ունենալ մեկի կյանքում»:
Մեր շուրջն ամեն ժամանակ մարդիկ կան: Անգամ, եթե դուք տնային տնտեսուհի եք, միշտ էլ կա մեկը, ում հանդեպ կարող եք դրսևորել ձեր սերը, ասել սիրո ու հոգատարության խոսքեր, լինել հույսի հաստատություն:
Միշտ կա մեկը, ով գուցե կարիք ունի գումարի՝ իր հաշիվները վճարելու համար:
Միշտ կա մեկը, ով որոնումների մեջ է:
Միշտ կա մեկը, ով գուցե կարիք ունի մեկի, որ պարզապես իր կողքին կլինի, թեկուզ առանց բառ անգամ արտաբերելու, պարզապես կարիք ունի հավատարիմ ու հասկացող մեկի ներկայության:
Հաճախ լսում եմ նման խնդրանքներ. «Խնդրո՛ւմ եմ, աղոթեք այսինչ ընտանիքի կարիքների համար, որ Աստված լրացնի այդ կարիքները»:
Նման աղոթքների պատասխանն իրականում հենց մենք ինքներս ենք:
«Հայր մեր» աղոթքի՝ «Քո Արքայությունը գա, Քո կամքը լինի երկրի վրա՝ ինչպես որ երկնքում է» հատվածն իրականում մեր մասին է՝ քո և իմ մասին: Մենք այդ իրականությունը կյանքի կոչողներն ենք՝ հենց այստեղ, հենց հիմա:
Գնա՛ և այսօր դարձիր որևէ մեկի աղոթքի պատասխանը:
Մեթ Չեմբերս