Յուրաքանչյուր բացվող առավոտն իր հետ բերում է նոր մարտահրավերներ: Ամեն օր արթնանում ես ու… ու երեկոյան պառկում քնելու՝ հույզերով, տպավորություններով, ուրախության կամ ափսոսանքի զգացումներով: Ամեն օր բախվում ենք ամենատարբեր իրավիճակների, ստիպված լինում հաղթահարել վախեր, վստահության ու հավատքի քայլեր անել, կամ հակառակը՝ երկմտել, անհանգստանալ, տարակուսել…

Ի՞նչ ես անում, երբ դուռդ թակում են ոչ այնքան հաճելի զգացումներ, երբ բախվում ես իրավիճակների, որ հզոր պատնեշի պես կանգնած են ճանապարհիդ, երբ կյանքումդ ամեն ինչ չի, որ ընթանում է քո ակնկալածի պես:

1. Հույզեր և զգացմունքներՎիրավորանք, նեղվածություն, ինքնասիրության ոտնահարում, անցյալից մնացած վերքեր…

Մարդիկ երբեմն մեզ ցավեցնում են, անում են քայլեր, ասում են բաներ, որոնցով կամա-ակամա նեղացնում են մեզ, վիրավորում են՝ միգուցե իրենք էլ չզգալով: Ինչպիսի՞ն է լինում քո արձագանքը: Մարդ-մարդ փոխհարաբերության մեջ սատանայի ամենահզոր զենքերից մեկը սա է՝ այնպես անել, որ մեկը մյուսից վիրավորվի ու նեղանա: Նման իրավիճակում հեշտ է դատել, մեղադրել, վրեժխնդիր լինել…

Հիշեք Աբելին ու Կայենին: Կայենի ինքնասիրությունը Աբելի պատճառով վիրավորվել էր: Նա կարծես նեղացել էր: Եվ ինչ է ասում Տերը՝ «Կայե՛ն, մեղքը դռան մոտ պառկած է. իշխիր նրա վրա» (Ծննդոց 4.7): Այսինքն՝ Կայենը հնարավորություն ուներ ստեղծված իրավիճակում աստվածային մոտեցում ունենալ, բայց… Թույլ մի՛ տուր սրտիդ մեջ վիրավորվածության սերմեր ընկնեն, դրանք աճում են ու պտուղ տալիս՝ նախանձ, չարություն, հակառակություն, ատելություն… Կարո՞ղ ես մեկ աստիճան բարձր լինել այդ իրավիճակից ու ներել, մոռանալ, սիրել. սրանք աստվածային հատկանիշներ են:

2. Վախեր և անհանգստություններ – Հիվանդություն, դժվարություններ, անլուծելի թվացող խնդիրներ, անձնական կյանք, մտերիմ մարդու կորուստ…

Իրավիճակներ, որոնք մենք կարիք ունենք հաղթահարելու Քրիստոսի հետ միասին: Իրավիճակներ, որոնց սլաքներն ուղղված են քո հավատքին ու վստահությանն առ Աստված:  Աշակերտները տեսան 5000-անոց ամբոխն ու հասկացան, որ ուտելու բան չունեն, ու նրանք անհանգստացան: 12 լրտեսներից 10-ը հասան Երիքով, տեսան Երիքովի հաստ պատերն ու վախեցան: Ինչպե՞ս ես դու վարվում քո վախերի հետ:

Վախերը գալիս են մեր կյանք՝ փակելու հավատքի աչքերը: Եթե այսօր անցնում ես նմանատիպ իրավիճակներով՝ կլինի դա լուրջ հիվանդություն, անձնական կամ ընտանեկան որևէ խնդիր, վախ՝ ապագայի նկատմամբ… Բեր իրավիճակներդ Աստծո առաջ ու ամուր բռնիր Աստծո ձեռքը: Այդ իրավիճակները կարող են կործանել քեզ, կարող են և զորացնել ու ամրացնել հավատքդ:

Ոչ մի հիվանդություն ու խնդիր ավելի մեծ չի, քան քո Աստված: «Նեղության միջից Տիրոջը կանչեցի. Տերը լսեց ինձ և լայնարձակ տեղ հանեց» (Սաղմոս 118.5):

3. Մեղք և գայթակղություն – Ճիշտ այնպես, ինչպես երբեմն չուզենալով վիրավորվում ենք կամ հիվանդանում, այդպես էլ երբեմն ընկնում ենք մեղքի մեջ: Երբեմն Աստծուն ճանաչող մարդը անգիտակցաբար, երբեմն գուցե գիտակցաբար ընկնում է մեղքի մեջ: Չեմ արդարացնում մեղքը, բայց ուզում եմ ասել՝ չկա մի մեղք, որ Նրա արյունը ի զորու չլինի ներել: Այնքան վտանգավոր չէ մեղքը, որքան որ վտանգավոր է դրա հետ համակերպվելն ու դրա մեջ ապրելը:  Հիշիր Սամփսոնին ու Դալիլային, հիշիր նաև Դավիթին և Բերսաբեին: Դավթի սայթաքումին անմիջապես հաջորդեց զղջումն ու ապաշխարությունը՝ «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ո՛վ Աստված, և ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում: Դեն մի գցիր ինձ քո երեսից, և քո Սուրբ Հոգին ինձանից մի առ» (Սաղմոս 51.10-11):

Քրիստոնյայի մոտեցումը մեղքին պիտի լինի ճիշտ այնպես, ինչպես Աստծունը. մենք պիտի զզվենք մեղքից, ատենք մեղքը ու երբեք մեր կյանքում տեղ չտանք: Մենք պետք է հեռու փախչենք մեղքից, ինչպես հորդորում է Պողոս առաքյալը, բայց եթե սայթաքել ես, եթե անգամ քո պատկերացրած սուրբ կյանքը դեռևս չես կարողանում լիարժեք ապրել, չարը փորձելու է ամեն ինչ անել, որ երբեք էլ ոտքի չկանգնես, փսփսալու է ականջիդ, թե դու մեղավոր ես, Աստված չի լսի քեզ, դու երբեք էլ չես կարողանա հաղթել այդ մեղքը քո կյանքում: Նա խաբում է: Քրիստոսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից: Հաղթահարիր նաև այդ իրավիճակը, մի՛ համակերպվիր պարտվող քրիստոնյա լինելու հետ: Աստծո կամքն է, որ դու լինես հաղթական՝ Քրիստոսում և Քրիստոսի հետ:

Ինչպե՞ս գտնվել իրավիճակներից վեր: Պատասխանը շատ պարզ է՝ պարզապես մնա Քրիստոսի մեջ: Մի հայտնի պատմություն կա: Երբ մի փոքրիկի հարցնում են. «Եթե դու Հիսուսի հետ մի տան մեջ ապրելիս լինես, ու չարը փորձի տուն մտնել, դուռը թակի, ի՞նչ կանես»: Փոքրիկի պատասխանն ավելի քան բավարար էր՝ «Հիսուսին կխնդրեմ դուռը բացել»: Ի՞նչ իրավիճակ էլ կյանքումդ հանդիպի, հիշիր, որ դու Հիսուս ունես:

Անգամ եթե խնդիրդ Գողիաթի պես վախեցնող է ու հոխորտացող, հիշիր անփորձ Դավթին, որ գնաց նրա դեմ կենդանի Աստծո անունով, իսկ եթե ճանապարհդ փակել են Երիքովի պարիսպների պես հաստ ու անանցանելի խնդիրները, հիվանդությունը կամ անհուսությունը, հիշիր Հեսուին ու Քաղեբին, ովքեր կենտրոնացել էին ոչ թե պարիսպի հաստության ու դրանից այն կողմ ապրող հսկաների վրա, այլ Ամենակարողի զորության:

Եվ վերջում, նայելով քո կյանքի տարբեր իրավիճակներին, խնդիրներին ու դժվարություններին, հիշիր այս խոսքն ու ապրիր հաղթանակած կյանքով: «Ամեն բան բարիին գործակից է լինում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմեացիս 8.28): Աստված երբեք չի մոռանում իր զավակին՝ ո՛չ նեղության մեջ, ո՛չ դժվարության, ո՛չ էլ կարիքի ժամանակ: Վստահիր Նրան:

Արմեն Նիազյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.