Գնահատիր այս պահերը
Այդ՝ անչափ փոքրիկ ձեռքն առաջին անգամ ամուր բռնեց իմ ձեռքի մատը: Ես նրան այնքան մոտ էի պահել ինձ՝ հպելով մաշկս իր մաշկին, ու այդ ամենն այն անասելի հիացմունքով, թե ինչպես է Աստված մի նոր կյանք արարել իմ ներսում: Բոլոր անհարմարությունները, առավոտյան հոգնածությունն ու ցավերը հանկարծակի մոռացվեցին՝ դառնալով հեռավոր անցյալ, քանի որ այս նոր փոքրիկ արարչագործությունը մխրճվեց իմ սիրտը: Ու հենց այդ պահին իմ սրտում մեղմ շշնջոց լսվեց. «Գնահատի՛ր այս պահերը»:
Ես հանկարծ լսեցի ոտնաձայներ, որ գալիս էին դեպ ինձ՝ հոգնեցուցիչ վազքից հետո: Այդ ոտքերն երբեք չեն դանդաղել, նույնիսկ իր քնի ժամին: Ես արագորեն ուղղեցի բարձը, շտկեցի ծածկոցը և սպասեցի, որ փոքրիկ տղաս գա դեպի անկողին՝ ինձ մոտ: Նա մի լավ թավալվեց, գրկեց ինձ և մի քանի վայրկյան հետո անմիջապես քնեց: Իսկ ես՝ անչափ հուզված և ժպիտը դեմքիս, պառկեցի նրա կողքին: Ու հենց այդ պահին իմ սրտում մեղմ շշնջոց լսվեց. «Գնահատի՛ր այս պահերը»:
Նա ամուր բռնեց իմ ձեռքը, երբ մենք քայլում էինք մեր ֆերմայի կեղտոտ ճանապարհով: Ես աստիճանաբար քամվում էի նրա անհամար հարցերից, որոնք վերաբերում էին մեզ շրջապատող ամեն ինչին: Հանկարծ նա բաց թողեց ձեռքս և վազեց դեպի մոլախոտերի թուփը: Նա վերադարձավ լայն ժպիտը դեմքին, որովհետեւ ինձ համար դեղին վայրի ծաղիկներ էր բերել: «Նրանք բոլորը միայնակ էին և ընկերոջ կարիք ունեին, ուստի ես նրանց բերեցի քեզ համար»,- ասաց նա: Ես ականջիս հետևը դրեցի ծաղիկը և առավել ամուր բռնեցի նրա ձեռքը: Ու հենց այդ պահին իմ սրտում մեղմ շշնջոց լսվեց. «Գնահատի՛ր այս պահերը»:
Մարիամը և Հովսեփը խելագարի նման որոնում էին Հիսուսին: Նրանք վազում էին մի վայրից մյուսը՝ տեսնելու՝ արդյո՞ք Նա ինչ-որ ընկերոջ կամ բարեկամի հետ է: Վերջապես, երկար որոնումներից հետո, նրանք վերադարձան Երուսաղեմ, որտեղ երեք օր անց գտան Հիսուսին տաճարում սովորեցնելիս: Նրանք շատ շփոթված էին, բայց Հիսուսը պատասխանեց.
«Եւ նա նորանց ասեց. Ի՞նչու համար էիք ինձ որոնում. Դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, որ ես իմ Հօր տանը լինեմ» (Ղուկաս 2.49)։
Մարիամը, ամենայն հավանականությամբ, այդ պահին հիշեց նրան այցելած հրեշտակին եւ նրա այն անգին խոստումները, որոնք տրվել էին որդու համար: Ղուկաս 2.51-ում ասվում է.
«Եւ նորա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը»:
Ինչպես Մարիամը, այնպես էլ ես եւ շատ այլ մայրիկներ, մեր սրտերում յուրահատուկ պահերի գանձեր ենք դիզում: Մեր երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը Աստծո եզակի պարգևն է մեզ: Հիմա տղաներս փոքր են, բայց մի ակնթարթում նրանք դեռահասներ կդառնան, իսկ հետո՝ կստեղծեն իրենց սեփական ընտանիքները: Ես ուզում եմ նրանց մեծացնել Քրիստոսով և սովորեցնել նրանց, թե ինչպիսին պետք է լինի Աստծո մարդը: Ես ուզում եմ նրանց անմնացորդ և լիարժեք սիրել: Եվ ես ուզում եմ գնահատել ամեն մի պահը:
Նա բարձրացավ գիրկս և գլուխը դրեց ուսիս: Նա ավելի բարձրահասակ էր թվում, և իր մանկական դեմքը, կարծես թե, մեծացել էր գիշերվա ընթացքում: Ես ձեռքերս մեկնեցի և գրկեցի նրան, որը նման էր մեր այն «հավիտենական» տեսակի գրկախառնություններին: Քիչ անց սկսեցինք զվարճալի խաղ խաղալ, և արդյունքում, երկուսս էլ աթոռից ընկանք հատակին: Ու հենց այդ պահին իմ սրտում մեղմ շշնջոց լսվեց. «Գնահատի՛ր այս պահերը»:
«Ես հենց այդպես էլ կանեմ, ի՛մ Աստված,- շշնջացի ես,- իմ ամբողջ սրտով»։
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Սրբագրեց Անուշ Վարդումյանը