Եթե նոտան ասեր. «Մի նոտայով երաժշտություն չի գրվում»,
Ոչ մի նվագ գոյություն չէր ունենա:

Եթե բառն ասեր. «Մի բառով միտք չի արտահայտվում»,
Գրքերը գոյություն չէին ունենա:

Եթե քարն ասեր. «Մի քարով պատ չի կառուցվում»,
Տները գոյություն չէին ունենա:

Եթե ջրի կաթիլն ասեր. «Մի կաթիլով գետ չի վարարում»,
օվկիանոսը գոյություն չէր ունենա:

Եթե ցորենի հատիկն ասեր. «Մի հատիկով արտ չի ցանվում»,
հունձքը գոյություն չէր ունենա:

Եթե մարդն ասեր. «Սիրո մի արարքով մարդկությունը չի փրկվում»,
երկրի վրա երբեք գոյություն չէին ունենա ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն, ո՛չ արժանապատվություն, ո՛չ երջանկություն...:

Կհարցնես, թե դու ի՞նչ կարող ես անել:

Քեզ ասում եմ. «Սիրի՛ր գործով և ճշմարտությամբ», որովհետև միայն սերն է, որ կարող է հաղթել տառապանքին և սիրո կշիռը, որ դնում ես աշխարհի մեջ, նույնիսկ եթե արդյունքն ինքդ չես տեսնում, նոր արյուն է տալիս մարդկության արյունաքամ մարմին:

Կրկին հարցնում ես. «Իսկ մյուսնե՞րը»:

Քեզ ասում եմ. «Նրանք էլ պետք է սիրեն»:

«Իսկ եթե հարժարվե՞ն»,-մտածում ես: Ավելի շա՛տ սիրիր, և քո շուրջիններն էլ կսիրեն: Քո նման նրանք էլ են սպասում, որ իրենց կողքին  կանգնած մի եղբայր դնի առաջին քարը: Իրենց քարն էլ կդնեն, եթե դու քոնը դնես, որովհետև ով սիրում է, սիրել է տալիս:

Ինչպես երաժշտությունը յուրաքանչյուր նոտայի կարիքն ունի,

Ինչպես գիրքը՝ յուրաքանչյուր բառի,

Ինչպես տունը՝ յուրաքանչյուր քարի,

Ինչպես օվկիանոսը՝ յուրաքանչյուր կաթիլի,

Ինչպես հունձքը՝ յուրաքանչյուր հատիկի,

Նմանապես մարդկությունը քո կարիքն ունի,

Այնտեղ, ուր գտնվում ես, միակդ, ուստի՝ անփոխարինելիդ:

Ինչի՞ ես սպասում, գործի՛ անցիր:

Հատված Միշել Քուասթի
«Խոսիր ինձ սիրո մասին» գրքից

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.