Ես կողջունեմ այսօրը սիրով լի, քանզի սա է յուրաքանչյուր ձեռնարկված քայլի հաջողության գաղտնիքը:

Մարդն իր մկաններով կարող է վահանը փշուր-փշուր անել և նույնիսկ մարդ սպանել, սակայն միայն սիրո անտանելի ուժն է կարող բացել մարդկանց սրտերի դռները, և քանի դեռ ես այդ արվեստին կատարելապես չեմ տիրապետում, ես կշարունակեմ լինել ոչ ավելին, քան՝ պարզունակ մի չարչի կենտրոնական շուկայում: Ես սերը կդարձնեմ իմ ամենահզոր զենքը և ում էլ որ դիմեմ, ոչ ոք չի կարողանա դիմակայել դրա ուժին:

Իմ փաստարկումները նրանք չեն կարող ընդունել, իմ խոսքից նրանց կարող է ինչ-որ բան շեղել, իմ հագուստը կարող է նրանց դուր չգալ, իմ դեմքը կարող են մերժել,  սակայն իմ սերը կհալեցնի նրանց սրտերը, ինչպես արևն է փափկեցնում ամենասառը կավն անգամ:

Ես կողջունեմ այսօրը սիրով լի սրտով: Իսկ ինչպե՞ս կանեմ դա: Այս պահից ի վեր ես կնայեմ ամեն ինչին սիրով և նորից կծնվեմ: Ես կսիրեմ արևը, քանի որ այն ջերմացնում է ոսկորներս, մինչդեռ ես կսիրեմ նաև անձրևը, քանի որ այն մաքրում է իմ հոգին: Ես կսիրեմ լույսը,  քանի որ այն ինձ ճանապարհ է ցույց տալիս, մինչդեռ կսիրեմ նաև մթությունը, քանի որ միայն մթության մեջ կարող եմ աստղերը տեսնել: Ես կբացեմ դռներս երջանկության առաջ, քանի որ այն ջերմացնում է սիրտս, մինչդեռ կդիմանամ տխրությանը, քանի որ այն բացում է իմ հոգին: Երբ կընդունեմ պարգևները, որոնց արժանի եմ, սակայն նաև գրկաբաց կընդունեմ խոչընդոտները, որոնք պետք է հաղթահարեմ:

Ես կողջունեմ այսօրը սիրով լի սրտով: Իսկ ինչպե՞ս պետք է խոսեմ: Ես կգովաբանեմ իմ թշնամիներին, և նրանք կընկերանան ինձ հետ, ես կսատարեմ իմ ընկերներին, և նրանք ինձ համար եղբայրներ կդառնան: Ես միշտ կփորձեմ ծափահարելու պատճառներ գտնել, մինչդեռ երբեք չեմ փորձի գտնել բամբասելու պատրվակ: Երբ ես զգամ, որ ուզում եմ քննադատել, կզսպեմ ինձ: Երբ ցանկանամ գովաբանել, կանեմ դա` գոռալով տանիքներից:

Մի՞թե թռչունները, քամին, ծովը և ամբողջ բնությունը չեն խոսում`  իրենց երաժշտությամբ գովաբանելով Արարչին: Մի՞թե ես նույնպես չեմ կարող խոսել այդ նույն լեզվով Արարչի երեխաների հետ: Այսուհետև ես կհիշեմ այս գաղտնիքը, և այն կփոխի իմ կյանքը:

Ես կողջունեմ այսօրը սիրով լի սրտով:  Իսկ ինչպե՞ս ես կգործեմ: Ես կսիրեմ բոլոր տեսակի մարդկանց, քանի որ յուրաքանչյուրն ունի հատկանիշներ, որոնցով կարելի է հիանալ, անգամ եթե դրանք թաքնված են: Ես կսիրեմ փառասերներին, ես կսիրեմ ձախողակներին, ես կսիրեմ խոնարհներին, ես կսիրեմ հարուստներին, ես կսիրեմ աղքատներին, ես կսիրեմ երիտասարդներին իրենց հավատի համար, ես կսիրեմ ծերերին իրենց իմաստության համար, ես կսիրեմ գեղեցիկներին, ես կսիրեմ տգեղներին...

Ես կողջունեմ այսօրը սիրով լի սրտով: Սակայն ինչպե՞ս պետք է արձգանքեմ ուրիշների գործողություններին:
Սիրո՜վ, քանի որ միայն սերն է այն զենքը, որով մարդկանց սրտեր ներս կխուժեմ: Սերը նաև այն վահանն է, որով կխուսափեմ ատելության և զայրույթի նետերից:  Դժվարությունները և հուսահատությունները հարվածեն իմ վահանին և կդառնան ավելի փափուկ, քան՝ անձրևի կաթիլները: Իմ վահանը կպաշտպանի ինձ և նեցուկ կլինի, երբ ես մենակ լինեմ: Այն ինձ կքաջալերի, երբ հուսալքված լինեմ, իսկ ցնծության պահերին այն ինձ կհանդարտեցնի: Այն ժամանակի հետ կդառնա ավելի ամուր և ավելի ապահով`  մինչև մի օր ես այն մի կողմ դնեմ և կքայլեմ վահանի ծանրությունից թեթևացած ամեն տեսակի մարդկանց մեջ, և երբ դա անեմ, իմ անունը գրված կլինի ոսկե տառերով կյանքի բուրգի գագաթին:

Ես կողջունեմ այսօրը սիրով լի սրտով: Իսկ ինչպե՞ս կնայեմ նրանց աչքերին, ում կհանդիպեմ:
Միայն և միայն լռությամբ, սակայն մտքում կդիմեմ նրանց և կասեմ. «Ես քեզ սիրում եմ»:  Լռությամբ ասված այս բառերը կփայլեն իմ աչքերում, կհարթեն իմ խոժոռված հայացքի կնճիռները, ժպիտ կբերեն շուրթերիս և կղողանջեն իմ ձայնի մեջ, և նրանց սրտերը բաց կլինեն իմ առաջ:
Ես կողջունեմ այսօրը սիրով լի սրտով: Իսկ ամենաշատը ես կսիրեմ ինքս ինձ: Քանի որ երբ ես դա անեմ, նախանձախնդրորեն կքննեմ ամեն բան, որ մուտք կգործի իմ մարմին, իմ միտք, իմ հոգի և իմ սիրտ: Ես երբեք չեմ դառնա իմ մարմնի քմահաճույքների գերին.  փոխարենը՝ ես կփայփայեմ իմ մարմինը մաքրությամբ ու զսպվածությամբ:

Ես երբեք թույլ չեմ տա, որ իմ մտքում արմատներ գցեն չարիքը և հուսալքվածությունը...: Ես երբեք թույլ չեմ տա, որ իմ հոգին դառնա ինքնագոհ ու բավարարված, փոխարենը՝ ես կսնեմ իմ հոգին խաղաղ խորհրդածումներով և աղոթքներով: Ես երբեք չեմ դառնա փոքրոգի ու դառնացած. փոխարենը՝ ես իմ սիրտը կկիսեմ աշխարհի հետ ու լայն սրտովս կջերմացնեմ աշխարհը:
Ես կողջունեմ այսօրը սիրով լի սրտով:

Այսուհետև ես կսիրեմ ամբողջ մարդկությանը: Այս պահից սկսած ողջ ատելությունը հեռանում է իմ երակներից, քանի որ ես չունեմ ատելու ժամանակ, ես միայն սիրելու ժամանակ ունեմ:  Եթե անգամ չունենամ ոչ մի ուրիշ առաքինություն, միայն սերը բավական է, որ հաջողության հասնեմ: Առանց դրա` ես անհաջողության եմ դատապարտված, անգամ եթե տիրապետեմ աշխարհի բոլոր հմտություններին ու գիտելիքներին:

Ես կողջունեմ այսօրը սիրով և հաջողության կհասնեմ:


Օգ Մանդինո, «Աշխարհի մեծագույն վաճառականը» գրքից

Սուսաննա Մելքոնյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.