Ի՞նչն է ստիպում Աստծուն ժպտալ: Որոշ մարդիկ կարծում են, որ Աստված ժպտում է միայն այն ժամանակ, երբ դու աղոթում ես, փառաբանության մասնակցում կամ հաճախում  եկեղեցի: Ճշմարտությունն այն է, որ Աստված ժպտում է, հատկապես երբ դու օգտագործում ես վերից քեզ տրված Իր շնորհները:

Երբ դու կատարում ես այն, ինչի համար արարվել ես, թվում է, թե Աստված քեզ ասում է. «Հրաշալի՜ է: Ես հենց այս ամենն անելու համար եմ այդ շնորհները քեզ պարգևել»: Երբ 1924 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ բարեպաշտ քրիստոնյա Էրիկ Լիդելը ներկայացնում էր Մեծ Բրիտանիան հետիոտնային մրցավազքում,  մի այսպիսի միտք է արտահայտել. «Աստված ինձ շատ արագաշարժ է արարել, և երբ ես վազում եմ, զգում եմ՝ Նա հաճենում է դրանից»:

Աստված որոշ մարդկանց արարել է վազորդներ լինելու համար, որոշներին՝ հեծանվորդներ, իսկ ոմանց էլ դահուկորդներ լինելու համար: Նրանցից յուրաքանչյուրը լավ է իր գործում: Կարծում եմ՝ երբ Աստված նայում է նրանց, Նա ասում է. «Հիանալի է: Ես հրաշալի կերպով եմ արարել քեզ: Աննմա՜ն է»:

Պետք չէ մշտապես ինչ-որ «հոգևոր» բան անել՝ Աստծուն փառավորելու համար: Ամեն անգամ, երբ կիրառում ես Աստծուց քեզ տրված շնորհները Նրա փառքի համար, դա ևս երկրպագություն է:

Բայց Աստված քեզ հոգևոր պարգևներով ևս շնորհել է: Նա շնորհել է որոշ մարդկանց ուսուցանել Աստվածաշունչը, ետնաբեմում ծառայել: Որոշ մարդիկ մեծ ավետարանիչներ են, իսկ մյուսներն օգնում են քրիստոնյաներին ավելի հստակ լսել Աստծո ձայնը:

Աստվածաշունչն ասում է. «Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. Եւ իմ աշակերտները լինիք» (Հովհաննես 15.8): Երբ ճիշտ ես օգտագործում քո շնորհները, Աստված փառավորվում է: Եվ դու հաստատ չես կարող հաճեցնել Աստծուն այն շնորհներով, որոնք դու չունես: Աստված չի ակնկալում, որ դու ամեն բանում տաղանդավոր լինես կամ ամեն ինչով օժտված լինես: Նա պարզապես ուզում է, որ դու երկրպագես Իրեն՝ օգտագործելով այն, ինչ Նա է քեզ տվել:

Աստվածաշնչում «ուրախություն» և «նվեր» բառերը սերում են նույն հունարեն բառից: Երբ օգտագործում ես քո հոգևոր պարգևները, դա ուրախություն է պատճառում թե՛ Աստծուն, թե՛ քեզ:

Կարծես Աստված ասում է. «Դու անում ես այն, ինչի համար որ արարվել ես»:

Լավագույն բանն է զգալ, որ դու Աստծո նպատակի համար ես օգտագործում քո շնորհները՝ իմանալով, որ դու երկրպագում ես Նրան՝ անելով այն, ինչի համար արարված ես:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.