Աստված Տեր է եւ լույս է ցույց տալիս մեզ. Զոհը պարաններով կապեցե՛ք ու զոհասեղանի եղջյուրների՛ն մոտեցրեք: Սաղմ. 118.27

Այս սեղանը մեզ չի՞ հրավիրում նվիրումի: Պետք չէ՞ խնդրել Աստծուց, որ մեզ կապի այս սեղանին, որպեսզի չկարողանանք ետ դառնալ մեր նվիրումից: Կյանքը երբեմն այնքան փայլուն եւ հաճելի է երեւում, որ մեզ համար դժվար է լինում խաչը ընտրելը:

Ո՛վ օրհնյալ Սուրբ Հոգի, համոզի՛ր ու կապի՛ր մեզսեղանին, որպեսզի երբեք չթողնենք խաչը: Կապի՛ր մեզ փրկության կարմիր պարանով, սիրո ոսկեղեն կապով, ու մեր Տիրոջ երկրորդ գալստյան երջանիկ հույսով, որ չլինի թե ետ դառնանք, կամ մեր Տիրոջ ցավերին եւ տառապանքներին հաղորդակից լինելը մերժելով, ընտրենք հեշտ կյանքը:

Ահա սեղանի եղջյուրները հրավիրում են քեզ: Կուզե՞ս գալ եւ նվիրման խոնարհ հոգիով հանձնվել եւ հարատեւ կապված մնալ Տիրոջը:

Պատմում են, թե մի սեւամորթ եղբայր ամեն օր երեկոյան աղոթաժողովին իրեն լիովին նվիրում էր Տիրոջը, սակայն, Սատանան ամեն անգամ նրան համոզում էր, որ իր նվիրումը ընդունելի չեղավ, քանի որ ինքը որեւէ փոփոխություն չէր զգում: Կրկին ու կրկին Սատանան նրան պարտության էր մատնում: Վերջապես մի օր նա եկավ եկեղեցի՝ հետը բերելով մուրճ եւ կոճղ: Եվ այս անգամ էլ իրեն հանձնելով Տիրոջը, կոճղը ամուր խրեց գետնի մեջ մուրճի հարվածներով այնտեղ, որտեղ ինքն իրեն նվիրել էր Տիրոջը: Ու երբ դուրս էր գալիս, Սատանան նրան ասաց, թե կեղծ էր իր նվիրումը:

Այդ ժամանակ այս պարզ սեւամորթ եղբայրը վերադարձավ եւ մատով կոճղը ցույց տալով ասաց Սատանային.«Տեսնու՞մ ես այս կոճղը, սա վկա է, որ ես ընդմիշտ ամբողջ էությունս տվել եմ Տիրոջս եւ Նա ինձ հավիտենապես ընդունել է»:
Սիրելի բարեկամ, եթե Սատանան քեզ էլ է լցնում այդպիսի տարակուսանքներով, քո հաստատ նվիրման մի նշան դիր որեւէ տեղ եւ ամեն անգամ ասա.«Ես ամբողջությամբ տրվել եմ Տիրոջս եւ Նա ընդունել է ինձ հավիտենապես»:

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.