Երբ խոնարհությունն ու խիզախությունը մեկտեղվում են մարդու մեջ
«Աստված Իր ուժով մեզ ուժ տվեց, և Նրա´ զորությամբ մենք հասանք հաջողության». սա´ է Արցախի հերոս գնդապետ Կարեն Ջալավյանի գնահատականը:
Վաղուց ժամանակն է, որ հակառորդը ևս հասկանա մի պարզ ճշմարտություն. անհնար է պարտության մատնել այն ժողովրդին, որը ծնում է այսպիսի զավակներ, և այն բանակին, որն ունի այսպես մտածող, այսպես խոսող ու գործող սպաներ: Այսպիսին է հաղթողների մտածելակերպն ու վարքը, և դարեր ի վեր հենց սա´ է եղել հաղթանակի երաշխիքը` Բարձրյալ Աստծուն ապավինելը:
Փա´ռք ու պատիվ մեր Աստծուն, հոգաչափ շնորհակալություն մեր քաջարի սպաներին ու զինվորներին և սրտագին խոնարհում իրենց կյանքը վասն հայրենյաց զոհաբերած անգին հերոսների հիշատակին ու նրանց լույս աշխարհ բերած հերոս ծնողներին:
Սիրելինե´ր, հարազատնե´ր, մարդկային ցանկացած բառապաշար չափազանց աղքատ է ձեր վիշտը նկարագրելու և ձեր սիրտը մխիթարելու համար, այդ իսկ պատճառով ուղղակի մեր սիրելի Փրկչի խոսքերով կասեմ. «Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն» (Մաթևոս 5. 4):
Մեր Աստվածն ու Հայրը Իր մխիթարիչ Հոգով սրբի արտասուքը ձեր աչքերից, սփոփի ձեր անսահման վիշտը և մխիթարություն տա ձեր սրտերին:
Էդուարդ Մխիթարյան
Խմբ. - Մեկ այլ հայտնի իր խոսքում վերջինս հորդորում է զինվորներին՝ «Եթե հավատում ենք ԱՍՏԾՈՒՆ, ընդունում ենք ՔՐԻՍՏՈՍԻՆ մեր սրտում, մեր Հոգով, ապա հաստատ համոզված եղեք, որ միշտ լինելու եք հզոր»: Այս օրհասական պահին, երբ բանակը խիզախորեն մարտնչում է մարտի դաշտում, մեր հույսն ու ապավինությունը պիտի շարունակի մնալ Աստված, մեր աղոթքն ու աղաղակը պիտի նրան ուղղված լինեն:
Տեր, զորացրու մեր երկիրը, պահապան եղիր մեր զինվորին ու այժմ մարտնչող յուրաքանչյուր հայորդու: