Դո՞ւք եք կառավարում հեռախոսին, թե՞ հեռախոսն է կառավարում ձեզ։

Եթե վերցրել եք մի իսկապես օգտակար իր և ամենաարժեքավորը դարձրել ձեր կյանքում, ապա այն դարձել է ձեր աստվածը։ Եթե դուք թույլ եք տվել, որ հեռախոսը ձեզ շեղի ամենակարևորից, ապա այն ձեր կուռքն է դարձել։

Մի օր Հիսուսն այցելեց Մարթայի ու Մարիամի տուն։ Մինչ Մարթան ջանասիրաբար ուտելիք էր պատրաստում և լավ տնային տնտեսուհու դեր խաղում, նրա քույր Մարիամը եկավ, նստեց Հիսուսի ոտքերի մոտ  ու սկսեց Նրա Խոսքը լսել։ Մարթան սրտնեղած եկավ Հիսուսի մոտ և ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ միայնակ թողեց ծառայության մեջ, ասա՛ նրան, որ օգնի ինձ» (Ղուկաս 10.40):

Հիսուսը պատասխանեց. «Մարթա՛, Մարթա՛, դու շատ բաների մասին ես հոգ տանում ու տագնապում, բայց մեկ բան է պետք. Մարիամն այն բարի բաժինն ընտրեց, որը չպիտի վերցվի նրանից» (Ղուկաս 10.41,42):

Աստվածաշունչն ասում է, որ Մարթան խիստ զբաղված էր ծառայությամբ, ինչը նրան հետ էր պահում ամենակարևորից՝ Հիսուսի հետ լինելուց։

Որոշակի պահի ձեզ կարող է թվալ, որ կենտրոնացած եք ճիշտ բաների վրա՝ պատասխանել այս կամ այն հաղորդագրությանը, ստուգել որևէ մեկի գրառումը կամ զանգահարել ինչ-որ մեկին։ Սակայն եթե ինչ-որ բան ձեզ հետ է պահում ամենակարևորից, ապա դա խլում է ոչ միայն ձեր ժամանակը, այլև՝ կյանքը։

Հարկավոր է ամեն օր նստել Հիսուսի ոտքերի մոտ։ Դա կոչվում է «անձնական ժամանակ Աստծո հետ»։ Դուք լուռ նստում եք, աղոթում, Աստվածաշունչ կարդում և թույլ տալիս, որ Աստված հաղորդակցվի ձեզ հետ Իր Խոսքի միջոցով։ Դուք խոստովանում եք ձեր մեղքերը և Աստծուց խնդրում այն, ինչի կարիքն ունեք։ Գովաբանում եք Նրան և գոհանում այն ամենի համար, ինչ ունեք։  Եվ սա օրվա ամենակարևոր մասն է, որովհետև այն ազդում է ամբողջ ընթացքի վրա և որոշում, թե որքան կճանաչեք Աստծուն և կաճեք որպես Հիսուսի հետևորդ։

Ի՞նչ կանեք, եթե ստիպված լինեք ընտրել Աստծո հետ անցկացվող և հեռախոսի վրա ծախսվող ժամանակի միջև։ Եթե դուք սովորական մարդկանց պես հեռախոսում ծախսում եք մոտավորապես երեք ժամ, ապա որքա՞ն ժամանակ եք տրամադրում Աստծո Խոսքին։

Թույլ մի՛ տվեք ձեզ շեղվել։ Դուք վերահսկողություն ունեք, թե ինչպես ծախսեք ձեր ժամանակը։ Այն օգտագործեք նրա վրա, ինչն առավելապես կարևոր է։

Քննարկման համար.

● Ինչպե՞ս կարող եք  ամեն օր հեռախոսի վրա ծախսված ժամանակի մի մասը հատկացնել աշակերտությանը։

● Ձեր՝ ժամանակը պլանավորելու փորձն ինչպե՞ս է օգնում ձեզ առաջնային դարձնել առավել կարևորը։

● Մի՞շտ եք հեռախոսը ձեզ հետ վերցնում։ Եթե այդպես է, փորձեք մի փոքր հեռու մնալ դրանից կամ զերծ մնալ որոշ ծրագրեր օգտագործելուց։

Աղբյուրը՝ ieshua.org

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.