Ընտրիր կյանքը
«... Ես եկա, որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան» (Հովհ 10.10):
Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, մի՞թե մենք կյանք չունենք, մի՞թե մարդը, որ ծնվում է և ապրում երկրի վրա, կյանք չունի կամ նոր կյանքի կարիք ունի…
Կյանքը զարմանալի իրողություն է, պարգև, որ տրվում է Աստծո կողմից բոլոր արարածներին, Նա կյանք է տալիս բույսերին, միջատներին, ձկներին, թռչուններին ու բոլոր կենդանիներին, Նա կյանք է տալիս նաև մարդուն։ Մարմնի մեջ եղած կյանքի շունչը Աստված պարգևում է բոլոր ստեղծվածներին, բայց, ի տարբերություն կենդանիների, մարդը նաև հոգի ունի, քանի որ մարդը երկրի վրա միակ արարածն է, որ Աստծո նմանությամբ է արարված, իսկ Աստված Հոգի է: Այդ առումով մարդը, ի վերջո, հոգեղեն էակ է, նրա հոգին անմահ է։
Կենդանիները մի օր ոչնչանում են, նրանց լքում է կյանքի շունչը ու նրանց մարմինները հող են դառնում։ Սակայն մարդը, թեև ֆիզիկապես մահանում է, բայց իրականում մահանում է միայն նրա մարմինը, իսկ մարդու հոգին բաժանվում է նրա մարմնից ու շարունակում իր գոյությունը հավիտյան։ Նա շարունակում է զգալ, լսել, տեսնել, հասկանալ ու մտածել, այսինքն՝ մնալ անձնավորություն և ունենալ գիտակցություն :
Ճշմարտությունն այն է, որ մարդը չպետք է մահանար, ի սկզբանե նա անմահ էր ստեղծված նաև մարմնով, բայց մեղքի պատճառով մարդը դարձավ մահկանացու և Ադամից ժառանգեց մահը։ Աստվածաշունչը փաստում է, որ մարդը մեղքի պատճառով բաժանված է Աստծուց և երբ մահվան հետևանքով մարդու հոգին բաժանվում է մարմնից, ապա նրա հավիտենական գիտակցական գոյությունը շարունակվում է առանց Աստծո, ցավի և տառապանքի մեջ, մի վայրում որը կոչվում է դժոխք:
Հիսուս Քրիստոսը՝ Աստծո միածին Որդին եկավ աշխարհ, որ ազատագրի մեզ մեղքից, Նա միակ մարդն է մարդկության պատմության մեջ, որ ոչ մտքով, ոչ խոսքով, ոչ էլ արարքներով ոչ մի անգամ մեղք չգործեց, քանի որ ունի կատարյալ աստվածային բնությունը:
Քրիստոսը հոժարվեց մեր փոխարեն կրել մեղքի պատիժը՝ մահը: Նա չարչարվեց, մահացավ խաչի վրա, բայց քանի որ արդար էր, Աստված հարություն տվեց Նրան մեռելներից: Եթե հավատանք Նրա մահվանն ու հարությանը, դարձի գանք մեր մեղքերից ու ձգտենք ապրել Աստծո խոսքով, հավատարիմ է Աստված, որ Քրիստոսի արյամբ կջնջի մեր մեղքերը և հարություն կտա մեզ հոգևոր մահից դեպի հավիտենական կյանք: Այն մարդիկ ովքեր ընդունել են Քրիստոսին, որպես Տեր ու Փրկիչ, վերստին ծնված են, Աստված նրանց հավիտենական կյանք է պարգևել, նրանք այլևս ազատ են դժոխքի տանջանքներից, և եթե իրենց հավատքը մինչև վերջ պահեն, ապա կվայելեն հավիտենական կյանքը երկնքի արքայության մեջ, ուր չկա ցավ, չկան հիվանդություններ, սով ու տառապանք, ուր միայն վայելք է ու խաղաղություն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի քաղցր ներկայության մեջ:
Մի՞թե դա հրաշալի չէ՝ կյանքն առանց մեղքի, լիարժեք, երջանիկ ու իմաստալից, և երկրավոր կյանքից հետո էլ լիառատ ու երջանիկ կյանք հավիտյան:
Ու՞մ է պետք կայնքը առանց Աստծո՝ լի դառնությամբ ու հիասթափություններով, բռնված մահվան անդադար վախով:
Եթե երկրի վրա գտնենք մի մարդու, որն ունի կատարյալ առողջություն, երբեք չի հիվանդացել, հասել է մեծ հաջողությունների կյանքում, ունի սիրող կին և ընտանիք, հարստություն, փառք ու պատիվ, ապրել է մինչև խոր ծերություն, երբեք չի տեսել ոչ մի դառնություն, ցավ, բայց չի ճանաչում Աստծուն, ու հարցնենք նրան, արդյոք երջանի՞կ է, կշտացե՞լ է կյանքից ու չի՞ վախենում մոտալուտ մահից, ապա չգիտեմ, թե ինչ պատասխան կտա նա, իհարկե, եթե նման մարդ գտնվի: Բայց համոզված եմ, որ եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք մահվան վախն ու անորոշությունը նրա աչքերում:
Նայեք չարչարվող ու իր հավատքի համար մահվան դատապարտված քրիստոնյային, նրա աչքերի մեջ կյանք կտեսնեք, հարցրեք նրան, նա գիտի՞ թե ուր է գնում, և գնում է ուրախությա՞մբ, նա կպատասխանի. «Այո՛», և դա կկարդանք նաև նրա կեցվածքի մեջ, ես համոզված եմ:
Ի՞նչ իմաստ ունի կյանքը առանց Աստծո, կյանքը մեղքի զվարճանքների խաբկանքով, դա չի կարելի նույնիսկ կյանք անվանել, այլ խղճուկ գոյություն:
Վերանայիր կյանքդ, իմ եղբայր, իմ քույր, իմ հարազատ հայրենակից, ու հարց տուր քեզ.«Արդյոք ես երջանի՞կ եմ»:
Հիսուսը սիրում է քեզ, Հիսուսը սպասում է քեզ, ընդունիր Նրան, ստացիր հավիտենական կյանքի պարգևը, քանի դեռ ուշ չէ:
Լևոն Մարգարյան