Ընկույզն ու ձմերուկը. Վարդան Այգեկցի
Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր:
Մարդն ասաց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես` ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն»:
Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց և արյունը ելավ:
Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ»: