Ձեռք բերե՛ք իմաստություն՝ ուսումնասիրելով ձեր կյանքը
Անցած փորձառությունը չուսումնասիրելը անմտություն է:
Կան մարդիկ, ովքեր թեև 50 տարեկան են, բայց 50 տարվա կյանք «չեն ապրել»: Փոխարենը նրանք ապրել են «50 անգամ մեկ տարվա ընթացքում»: Նրանք անընդհատ նույն սխալներն են թույլ տալիս, քանի որ երբեք կանգ չեն առնում և դրանցից դասեր չեն քաղում: Նրանց երբեք հետաքրքիր չէ, թե ի՞նչ տեղի ունեցավ իրենց կյանքի վերջին մեկ տարվա ընթացքում և թե ի՞նչ կարող են անել, որպեսզի իրենց կյանքն առաջընթաց ունենա:
Աստվածաշունչն ասում է, որ պետք է ժամանակ տրամադրել կյանքը վերանայելու համար. «Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. Քննեցէք ձեր անձերը. Կամ թէ չ’գիտէ՞ք ձեր անձերը՝ որ Յիսուս Քրիստոսը ձեզանում է. միայն եթէ անպիտան լինիք»(Բ Կորնթացիս 13.5):
Ձեր կյանքի փորձառությունը ուսումնասիրելու համար քննե՛ք երկու բան.
Ընդգծե՛ք օգուտները: Ի՞նչն եք իսկապես վայելել: Մի՛ ասեք. «Ինձ շատ դուր եկավ այդ աշխատանքը», այլ հարցրեք. «Ո՞րն էր պատճառը, որ ես այդքան շատ սիրեցի այն»: Դուք այս մեթոդով փոքրիկ տեղեկություններ կստանաք այն ամենի մասին, թե ինչպես պետք է շարժվեք ձեր հետագա կյանքի ընթացքում:
Նկատե՛ք մանրուքները: Որոնե՛ք ձեր ձախողման «օրինաչափությունները»: Երբ ձախողվում ես, ամեն անգամ հակված ես կրկնել այն: Այսպիսով, հարցրեք. «Որտե՞ղ եմ ձախողվել նախկինում: Կա՞ն սխալներ, որ շարունակաբար կրկնում եմ»:
Եթե դուք անտեսեք ձեր անցյալի սխալները, ապա ամենայն հավանականությամբ դրանք կրկին անգամ կկրկնեք: Հենց դա էր իսրայելացիների խնդիրը, երբ Մովսեսը նրանց դուրս հանեց Եգիպտոսից: Նրանց Ավետյաց երկիր ուղևորությունը պետք է տևեր ընդամենը մի քանի շաբաթ, բայց փոխարենը տևեց 40 տարի, քանի որ նրանք հրաժարվեցին դասեր քաղել իրենց հանդիպած փորձություններից: Յուրաքանչյուր ձախողված փորձություն նշանակում էր ևս մեկ պտույտ անապատի շուրջ:
Աստվածաշունչն Հոբ 32.7-ում ասում է. «Թող տարիքը խօսեն, եւ տարիների շատութիւնը իմաստութիւն հասկացնեն»:
Այս համարը հավանականություն է և ոչ թե խոստում: Կան մարդիկ, ովքեր ծեր են ու անմիտ: Իմաստությունը տարիքի հետ ինքնաբերաբար չի գալիս:
Իմաստություն կարող է ձեռք բերել յուրաքանչյուրի ոք: Անկախ տարիքից հասունությունը գալիս է այն ժամանակ, երբ թույլ ենք տալիս Աստծուն մեզ սովորեցնել առօրյա կյանքի փորձությունների միջոցով:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ pastorrick.com