Ձեր աղոթքը կարող է ինչ-որ բան փոխել. Վիրավոր զինծառայողի ուղերձը
«Սիրելիներս, շատ չեմ արտահայտվել իմ ապրումներից այսպես, բայց մի բան կա, որ խնդրում եմ բոլորից: Էսօր այնտեղ եղող մարդիկ, բացի ուղարկվող օգնություններից, որը շատ կարևոր ու ուրախալի բան է, ամենաշատը ունեն յուրաքանչյուրիդ աղոթքի կարիքը: Չգիտեմ՝ ով ինչպես է վերաբերվում, բայց ամեն մեկիդ աղոթքը կարող է ինչ-որ բան փոխել: Այնքան հրաշքներ կան… Իմ կյանքում էլ են դրանք շատ, ու շատ է էն փափագը, որ ազգս զարթոնք ապրի, ու հա՛, Աստծով հաղթելո՛ւ ենք:
Ովքեր որ կկարդան, խնդրում եմ, առաջինը ձեր փրկության, ձեր մեղքերի թողության համար աղոթեք, հետո՝ կռիվ տվող տղերքի ու կառավարության իմաստության: Մենք ամեն օր հրաշքներ ենք լսում:
Քիչ չեն նաև զոհված զոհված տղերքի անունները: Ես մխիթարվում եմ ու հուսացած եմ, որ ամեն մեկը նեղության պահին մի րոպե ժամանակ ունենում է՝ Աստծուն գալու և ապաշխարության համար:
Էսօր շատ են ասում՝ հերոս եք: Մեր հերոսության տարբերությունն այն է, որ պահ է գալիս՝ կյանքով ենք պարտական լինում էդ կոչմանը, բայց ինձ համար հերոս են շատերը: Հերոս է օգնություն ուղարկողը արտերկրից, թե ամենահեռու գյուղից, հերոս են աղոթող մայրերը, հերոս է սպասող ամեն մեկը, որ չի հուսահատվում ու շարունակում է սպասել, հերոս է մեր ամբողջ ազգը, որ էսօր մի բռունցք դարձած կռիվ է անում:
Միայն խնդրում եմ, անկախ ձեր տարվող կռվից, առաջնոդրվեք Հիսուսով ու Աստծո Խոսքով: Շնորհակալ եմ շատ, ուրախ եմ, որ հայ եմ ու հպարտ՝ որ հաղթող ազգի զավակ եմ»:
Ժամկետային զինծառայող Արման Համբարչյանը, ով վիրավորվել է և այս պահին գտնվում է հիվանդանոցում, այս գրառումն արել էր իր ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկ:
Christians.am-ի հետ զրույցում զինվորը նշեց, որ թեև հիմա վիրավոր է, սակայն Աստված բազում հրաշքներ ու վկայություններ է գործել իր կյանքում: Մեր հարցին, թե ինչ հորդոր կուղղես մեր ընթերցողին, Արմանն ասաց.
«Մենք լուրջ պատերազմի մեջ ենք և իրավունք չունենք պարզապես տանը նստել: Բացի մեր աղոթքներից, մենք պիտի նաև մեր Հոր վերջին ուղերձն իրականացնենք՝ դուրս գանք և Ավետարանը քարոզենք, խնդրենք, հորդորենք մեր հայրենակիցներին դարձի գալ, ուղղվել դեպի Տերը ու աղոթել մեր ազգի փրկության համար»:
Շուտափույթ ու լիարժեք ապաքինում ենք մաղթում թե Արմանին, թե բոլոր վիրավոր զինվորներին: Շարունակենք աղոթել մեր երկրի, սահմանների ու զինվորների համար: